ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ գլխավոր դատախազին հարցրեց, թե ինչո՞ւ է արգելվում «Սասնա ծռերի» և հարակից գործերով կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցությունը:

«Չեմ կարծում, որ սա քրեաիրավական բացատրություն ունի, քանի որ տեսակցություններ տեղի են ունենում քրեակատարողական ծառայողների ներկայությամբ: Սա ի՞նչ մոտեցում է, իմ կարծիքով, ուրիշ հարթություն է տեղափոխվում այս ամենը», - ասաց Փաշինյանը:

Դատախազն էլ նշեց, որ դա ինքնապատակ չէ և բխում է քրեական գործի համապատասխան փաստական հանգամանքներից․ «Առանձին դեպքերում տեսակցությունների հնարավորության պայմաններում մեղադրայլը ապօրինի ներգործություն կարող է ունենալ վարույթի իրականացման վրա և որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ ձեր թվարկած քրգործերով անձնական հաշվեհարդարի խնդիր չկա»:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի գործին՝ Փաշինյանը նշեց, որ դատախազությունը անտեսել է իր ու Էդմոն Մարուքյանի հորդորը:

«Ձեր աշխատասենյակում մենք՝ ես ու Էդմոն Մարուքյանը, ձեզ ասում էինք, որ իրավական համակարգով մահվան եք դատապարտում Արթուր Սարգսյանին, մենք անձամբ ձեզ զգուշացրել էինք, կյանքը ցույց տվեց, որ մեր ասածը ճիշտ էր»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Գլխավոր դատախազը, սակայն, չհամաձայնվեց: Նա նախ հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը տևական ժամանակ գտնվում էր ազատության մեջ, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել այնպիսի հիվանդություններով, որոնք կալանքի հետ կապ չունեն: Այնուհետև արդեն Արթուր Դավթյանը հորդորեց սպասել հարուցված քրեական գործով նախաքննության ավարտին, որից հետո արդեն իրենք կհայտարարեն, թե որն է եղել «Հաց բերողի» մահվան պատճառը:

Հիշեցնենք՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016թ. դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Ավելի ուշ նա կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր՝ իրեն ազատ արձակելու պահանջով: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Մարտի 16-ին Սարգսյանը մահացավ հիվանդանոցում: