«Ցանկացած ծեծ գնահատում եմ որպես հանցագործություն»,- այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծ ենթարկելուն:

Նա նշեց՝ դեպքի հետ կապված համապատասխան հրապարակում արդեն արել են․ «Ոստիկանները համապատասխան զեկուցագրեր են ներկայացրել, գործով ամբաստանյալներն ու նրանց պաշտպաններն էլ համապատասխան հաղորդումներ են ներկայացրել: Այդ ամբողջ նյութերը մեր կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, այդ փաստով հարուցվել է քրգործ»:

Դավթյանի խոսքով՝ այս պահին կալանավորվածներ չկան․ «Որևէ մեկին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցների համակցություն պետք է լինի», - ասաց նա:

Դիտարկմանը, թե ո՞վ է մեղավոր, որ մեր երկրում անարդարության մթնոլորտ է արմատավորվել, ՀՀ գլխավոր դատախազը նկատեց, որ այն նոր չի արմատավորվել, սակայն տարեցտարի երկրում անարդարության հաղթահարման դրական աճ է գրանցվում: