Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Առանձնազրույցից առաջ, որը տևել է շուրջ մեկ ժամ, լրագրողներին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ տնտեսական, զբոսաշրջության և զարգացման, պաշտպանական արդյունաբերության բնագավառներում ռուս-թուրքական հարաբերությունները նոր թափ կստանան և ավելի խորը բնույթ կունենան: Այս մասին է հայտնում թուրքական «Anadolu» լրատվական կայքը՝ մեջբերելով նախագահ Էրդողանի խոսքերը:

 


«Այն հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողություններին, Սիրիային և Իրաքին, վեր են ամեն ինչից: Սակայն մեր հանդիպմանը մեծ կարևորություն ներկայացնող հարց է նաև ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների խորացումը»- հույս է հայտնել նա:
Աշխարհի 20 խոշոր պետությունների նախագահների մասնակցությամբ երկրօրյա հանդիպումը մեկնարկել է նախօրեին՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

 

Նախագահները հանդիպման ընթացքում ունենում են ինչպես ընդհանուր քննարկում, այնպես էլ առանձնազրույցներ մյուս նախագահների հետ՝ բանկցություններ ունենալով գլոբալ տնտեսական, կլիմայի փոփոխության, ահաբեկչության դեմ պայքարի և համաշխարհային քաղաքականության այլ հիմնահարցերի շուրջ: