Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին այցելել երկիր՝ մասնակցելու Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի արարողություններին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Ավստրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված միջոցառմանը նախարարի մասնակցությունը կարող է վտանգել հասարակական կարգն ու անվտանգությունը: «Կարող եմ հաստատել, որ արտգործնախարար Սեբաստիան Կուրցը թույլ չի տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի այցը երկիր»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշի այցը երկիր՝ մասնակցելու ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեկ ամյակի արարողություններին: Նիդերլանդների ԱԳՆ-ից նշել էին, որ այցը հատկապես ցանկալի չէ երկկողմ հարաբերություններում առկա վերջին լարվածությունների ֆոնին: