Հայաստանի Հանրապետության դատախազությունը պետք է իրավապաշտպանի դեր ստանձնի, ինչը էականորեն կբարձրացնի այդ մարմնի նկատմամբ վստահությունը: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը

«Հանրապետության նախագահն էլ հայտարարել է, որ դատախազությունը պետք է ունենա իրավապաշտպան դեր: Եթե նախկինում մենք խոսում էինք օրենքի գերակայության սկզբունքից, ապա հիմա մենք օրենքի գերակայությունից անցել ենք իրավունքի գերակայության, սա նշանակում է, որ եթե օրենքը գործում է, բայց բովանդակային առումով հակասում է մարդու իրավունքին, ապա առաջնահերթությունը պետք է տրվի իրավունքին: Դատախազությունը միշտ ունեցել է պատժիչ ընկալում հասարակության մեջ: Այո, նախագահը ճիշտ ուղղություն տվեց. ցանկացած մեղադրյալ, ամբաստանյալ պետք է այնքան վստահ լինի, որ դատախազն օրինականության երաշխավորն է, որ փաստաբանի կարիք էլ չունենա: Դատախազը պետք է ստանձնի օրինականության երաշխավորի դերը»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ավելի պահանջատեր է գլխավոր դատախազից, քան ընդդիմադիրները:

Գևորգ Կոստանյանը նշեց՝ վերը նշված մեխանիզմի կիրառումը ՀՀ-ում կբարձրացնի դատախազության նկատմամբ հանրային վստահության մակարդակը:

Անդրադառնալով կալանքների խնդրին՝ Կոստանյանն ասաց, որ այդտեղ ևս լուրջ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն.  «Խոսքը կալանքների քանակների ու դրանց համընդհանուր բնույթի մասին չէ, դա պետք է լինի մաքսիմալ հիմնավորված: Ամեն անգամ կալանավորելիս՝ նախաքննության մարմինը, դատարանը պետք է հիմնավորեն այն հիմքերը, որոնց առկայության պարագայում անձը կալանավորվում է»: