Հուլիսի 10-ին Աստղաձոր գյուղի բնակիչները փակել էին Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը:

Սովորաբար, նման ծայրահեղ քայլերի հայ գյուղացիները գնում են սեփական գյուղմթերքը չիրացնելու պատճառով, կամ այս կամ այն գործարանատիրոջից սեփական փողերը պահանջելու համար. երկար տարիներ է, ինչ այս պրակտիկան բավական լայնորեն կիրառվում է մեզանում:

Այս անգամ, սակայն, գյուղացիների բողոքի պատճառը մեկ այլ խնդիր է. 25.000 բնակչություն ունեցող Աստղաձորը մնացել է առանց ոռոգման ջրի, ու հիմա ավելի քան 500 հեկտարկարտոֆիլի ցանքատարածություն սերմնացել է անջրդի: Իսկ պատճառն, ինչպես պարզ է դարձել, պոմպերի հետ կապված խնդիրներն են՝ խնդիրներ, որոնք ՋՕ-ի պետը, փաստացի՝ ի վիճակի չէ լուծել:

Այս ողջ պատմության մեջ, սակայն, ամենացավալին երևի թե մեկ այլ բան է՝ գյուղնախարարության քրոնիկ անտարբերությունը: Իհարկե, միգուցե առաջիկայում լուծվի այս խնդիրն ու Իգնատի Առաքելյանն օրեր անց գլուխը բարձր հայտարարի, թե նախարարությունն այնքան մարդասեր ու ողորմած գտնվեց, որ աստղաձորցիների հարցը լուծեց: Բայց համաձայնե՛ք՝ միայն այն, որ իրենց պարզ խնդրի վրա նախարարության ուշադրությունը հրավիրելու համար գյուղացիները կարիք են զգում գնալ նման ոչ պոպուլյար քայլերի՝ ճանապարհ փակել և այլն, արդեն խոսում է համակարգի ժանգոտվածության, մարդկանց խնդիրների նկատմամբ տոտալ անտարբերության մասին: Ի՞նչ է, պարտադիր պետք է մարդիկ ստիպված լինեն ծայրահեղ քայլերի՞ գնալ, ճանապարհնե՞ր փակել, ինքնահրկիզվե՞լ, որ ունեցած խնդիրը կարողանան հասցնել գյուղնախի՞ն...

Ցավոք, էքստրաօրդինար գործողությունների դիմելն այսօր հայ գյուղացու միակ ելքն է դարձել՝ լուծելու այնպիսի պրիմիտիվ խնդիրներ, որոնք նույնիսկ մեր կարգի երկրներում վաղուց լուծված են:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ