Շատերի մոտ կա ընդունված կարծիք, թե ներիշխանական բուրգի ներսում ընթացող պրոցեսները, բայց հատկապես 2018-ով պայմանավորված ներկայիս բուռն պայքարը, սահմանափակվում է ՀՀԿ-ով կամ առավելագույնը նաև ՀՅԴ-ով, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ «ընդդիմություն» կոչվածը Հայաստանում, մեղմ ասած, վաղուց իրական գործոն չի հանդիսանում, ինչն էլ, բնականաբար, նշանակում է, որ ի սկզբանե պետք է բացառեր խորհրդարանական ընդդիմության շանսերը` ռեալ ազդեցություն ունենալու քաղաքական պրոցեսների վրա:

Պետք է նկատել, որ նման կերպ մտածողները, խոշոր հաշվով, ճիշտ են. գլոբալ իմաստով հենց ՀՀԿ-ն է որոշում ներքաղաքական պրոցեսների այն հունը, որով դրանք զարգանում են. ընդդիմությունն այստեղ ընդամենը հանդես է գալիս իշխանությունների յուրատեսակ կցորդի դերում` կարողանալով խաղալ միայն այն շրջանակներում, որն իր համար գծել են Բաղրամյան 26-ում:

«Ելք»-ից Սասուն Միքայելյանը հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել գրեթե սենսացիոն հայտարարությամբ: Կարծիք հայտնելով ապագա վարչապետի անձի վերաբերյալ` Միքայելյանը տառացիորեն ասել է հետևյալը. «Մի քանի տարում մենք այնքան վարչապետ ենք փոխել… Եթե շարունակենք մեկ-երկու տարին մեկ վարչապետ փոխել, և նրանցից ոչ մեկը ժողովրդի, պետության առջև պատասխանատվություն չի կրելու, ապա ճիշտ կլինի, որ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը` այս ամենին վերջ տալով: Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա ոնց որ պատասխանավություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ եզրակացության, որ ինքը պետք է լինի»:

Նրանք, ովքեր հետևում են մամուլին, իսկ ավելի ճիշտ` մամուլում  հաճախ արծարծվող վերոհիշյալ թեմայի շուրջ ընթացող զարգացումներին, նկատած կլինեն, որ Սերժ Սարգսյանի` որպես ապագա վարչապետի մասին խոսակցությունները հատկապես վերջերս չափազանց ակտիվացել են. միայն Գալուստ Սահակյանի վերջին հայտարարությունները լիովին բավարար են` նշմարելու այն պրոցեսի սկիզբը, որ փորձ է արվում դնել նմանատիպ հայտարարությունների միջոցով:

Հարց է առաջանում, սակայն, ինչպե՞ս կարող է ընդդիմադիր «Ելք»-ը, որը հաճախ է քննադատում առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին, Սասուն Միքայելյանի շուրթերով հայտարարեր, որ նախագահին ուղղակի այլընտրանք չկա: Չէ՞ որ «Ելք»-ն ընդդիմադիր է ու համակրանքով չի վերաբերվում Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը, կարող էր առնվազը շրջանցել Սերժ Սարգսյանի անձը:

Իրականում այս հարցն ունի ավելի քան պարզ բացատրություն: Նմանատիպ հայտարարությունների միջոցով, որոնք, բնականաբար, բնավ էլ ինքնաբուխ չեն, Նախագահականում լուծում են մի քանի խնդիր. նախ` փորձում են հետզհետե նախապատրաստել հասարակությանը արդեն անխուսափելի թվացող իրադարձությանը` ինչ-որ տեղ նաև ջերմաստիճանի ստուգում իրականացնելով, ապա` փորձում իշխող դարձնել այն տեսակետը, թե զուտ օբյեկտիվորեն Սարգսյանն է հենց այն միակն, ում շուրջ կարող են կոնսոլիդացվել ազդեցիկ քաղաքական ուժերը` ընդդիմադիր, թե իշխանական` հատկապես Հայաստանի համար փորձություններով լի այս օրերին (Սասուն Միքայելյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա բավական հիասթափված է Կարեն Կարապետյանից, ում հետ թեպետ ժողովուրդը հույսեր կապում էր, բայց այսօր ձեռնունայն է մնացել: Այսպիսով` մի կողմից Միքայելյանը շեշում է Սարգսյանի անփոխարինելիությունը, մյուս կողմից` նվազեցնում Կարապետյանի դերը` նրան ոչ ուղղակիորեն հռչակելով` անհաջողակ):

Այսպիսով Սերժ Սարգսյանը հիմքեր է ստեղծում` ապագայում հանդես գալու որպես, օրինակ ազգային համաձայնության կառավարության ղեկավար, դառնալու այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն հասարակության վստահությունը վայելող բոլոր ազդեցիկ ուժերն` անկախ դրանց քաղաքական հայացքենրից, անկախ այն ստանձնած դերից, որ վերապահվել է նրանց Նախագահականից. լեգիտիմության հարցը լիակատարորեն լուծվելու է, ինչը նաև պետք է գնահատել որպես Հայաստանի շահերից բխող քայլ` հաշվի առնելով արտաքին ճակատում հասունացած խնդիրները, որոնց պետք է այսպես թե այնպես լուծում տրվի. Սերժ Սարգսյանն այս պայքարից դուրս կգա հզորացած: Այնպես որ` Սերժ Սարգսյանը մեկ կրակոցով սպանում է մի քանի նապաստակ` սեփական շահերը փայլուն կերպով միաձուլելով Հայաստանի պետական շահին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ