Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից որևէ ակնկալիք չունեն հայկական փորձագիտկան շրջանակները: Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց որ որևէ ակնկալիք չկա այսօր Բրյուսելում սպասվող հանդիպումից: «Ակնկալիք կլինի, երբ լսենք, որ հանդիպում են Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Այդ ժամանակ կհասկանանք, որ խոսելու են հիմնախնդրի մասին: Իսկ այսօր կարող են մեկ անգամ ևս խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին: Իհարկե, բաց տեղեկատվական դաշտում կլինեն նաև դիվանագիտության փոխադարձ հարձակումներ: Իմ պատկերացմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շահերից կլինի այն, որ մեկ ավելի բարձր մակարդակի հանդիպում կազմակերպվի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` Թևան Պողոսյանը նշեց, որ այդ հայտարարությունները հիմնականում բխում են այդ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերից:

«Երբ մի կողմը կրակում է, հայտարարություն չկա, հենց մյուս կողմը պատասխանում է, նոր հայտարարություն են տարածում: Եվ որպես կանոն հայտարարության մեջ երկու երկրի անունն էլ նշվում է: Կարծում եմ, որ մենք պետք է ձայն բարձրացնենք այն մասին, որ այս հայտարարություններն ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա: Միգուցե քայլեր ձեռնարկենք, որ գործի դրվի սանկցիաների կիրառման ինստիտուտը: Հակառակ դեպքում մի 15 տարի էլ այդպիսի հայտարարություններ կլսենք»,-հավելեց Թևան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։