Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, հուլիսի 11-ին կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարներն անդրադարձան երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։