ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրի հետ։ Սուրեն Կարայանը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու հնարավոր տարբերակները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրույցի ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջության ոլորտին։ Դեսպանն առաջարկել է փոխանակվել ոլորտի զարգացման փորձով և ծրագրերով, քանի որ թե՛ Հայաստանի և թե՛ Իսլանդիայի համար զբոսաշրջության ոլորտը առաջնահերթություններից մեկն է։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Իսլանդիայի Հանրապետության դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրին է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը։ Նախարարն ընգծել է, որ անհրաժեշտ է կապեր հաստատել Հայաստանի և Իսլանդիայի գործարար շրջանակաների միջև՝ զարկ տալու առևտրատնտեսական կապերին և առևտրաշրջանառությանը։