Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ հուլիսի 12-ին  նախաձեռնել են մայրաքաղաքի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայթի կեսից ավելին սրճարանների սեղան-աթոռներով կամ առևտրի օբյեկտների սառնարաններով զբաղեցված հատվածներում իրականացվում են տարածքները  կարգի բերելու աշխատանքներ: Սրճարանների և առևտրի օբյեկտների գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ, քանդվում են ծածկերը, մայթերն էլ ազատվում են՝ հետիոտնի անարգել անցուդարձն ապահովելու համար: «Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ է և կիրառվելու են բոլոր այն վայրերում, որտեղ սեզոնային սրճարաններն ու հասարակական սննդի օբյեկտները շահագործող տնտեսվարողները գերազանցել են իրենց գործունեությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքները: 

Հարկ ենք համարում նաև հատուկ տեղեկացնել, որ այս աշխատանքները որևէ նպատակ չունեն սահմանափակելու կամ արգելելու սեզոնային այս գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների առևտրային գործունեությունը»,- նշված է հաղորդագրությունում: