Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում փաստաբանները միաձայն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Երեք ամբաստանյալի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատավորը պաշտպանական իրավունքի բազում խախտումներ է թույլ տվել այն ժամանակից, ինչ մեկնարկել է այս գործով դատական նիստը: «Դուք նույնիսկ չնկատեցիք, որ դատարանի դահլիճում չեն Գագիկ Եղիազարյանը և նրա փաստաբանը: Ձեզ համար միևնույնն է՝ ովքեր են նստած դահլիճում: Ակնհայտ է, որ դուք քրեական դատավարությունը փակել մի կողմ եք դրել և ինչ-ինչ պատճառներով փորձում եք շարունակել ու արագացնել այս գործի դատավարությունը: Պաշտպանական իրավունքի խախտումը բավարար է, որ դուք հեռացվեք այս գործից»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ հայտարարեց, որ Գաբրիելյանը չի կարող այս գործով իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքի։

«Դուք պաշտպանական կողմին մեղադրում եք դատական նիստերն անհարկի միջամտելու կամ ձգձգելու մեջ, սակայն դա նախագահող դատավորն է կատարում, և երբ որ իմ կոլեգաները հայտարարություն էին կատարում, Դուք բորբոքվեցիք և մի ժամ ընդմիջում հայտարարեցիք։ Այդ ընդմիջում հայտարարելու իմաստը պաշտպանական կողմը չի տեսնում և պաշտպանական կողմի մոտ կարծիք է ձևավորվում, որ նախագահող դատավորը չի ցանկանում, որ դատական նիստերը շարունակվեն», - ընդգծեց փաստաբանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու իր ինքնաբացարկի մասին միջնորդության վերաբերյալ: Որոշումը կհրապարակվի 30 րոպեից: