Հայաստանում ամենապրոբլեմատիկ  բնագավառներից մեկը, թերևս, գյուղատնտեսության ոլորտը պետք է համարել: Չնայած Կարապետյանի կառավարության ձևավորման սկզբնական շրջանում դեռևս պահպանվում էին որոշակի հույսեր, որ, այնուամենայնիվ, կհաջողվի այս նախարարության ու դրան պատկանող օղակների աշխատանքը դնել ճիշտ ուղու վրա ու վերջ տալ տասնամյակներով արմատացած ակնբախ թերություններին, սակայն կյանքն ապացուցեց, որ հույսերն իզուր էին. պարզվում է՝ Իգնատի Առաքելյանի ղեկավարության այս շրջանում համակարգը ոչ միայն չի ինքնամաքրվել, այլև է՛լ ավելի է մխրճվել   ապօրինությունների մեջ. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ Նարեկ Մանթաշյանի հետ կատարվածը փայլուն կերպով բնութագրում է ներկայում համակարգում գերիշխող հանդիսացող անթույլատրելի բարքերը:

Այսպես՝ Նարեկ Մանթաշյանը, այս տարվա մայիսին մասնակցելով քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, հաղթող էր ճանաչվել: Ըստ ընդունված կարգի՝ դիմում էր ներկայացրել աշխատակազմի ղեկավարին՝ աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։ Բայց արի ու տես, որ դրանից հետո Մանթաշյանին կանչել ու հայտնել են՝ չնայած մրցույթում հաղթող է ճանաչվել, բայց «մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ». պաշտոնը պետք է զբաղեցնի Արտակ Թաթոյանն, ով, պարզվում է՝ մրցույթում պարտվել էր ու ըստ օրենքի՝ իրավունք չէր կարող ունենալ զբաղեցնելու համապատասխան պաշտոնը: Կարճ ասած՝ Նարեկ Մանթաշյանը դարձել է ճչացող կոռուպցիայի զոհ՝ կանգնելով փաստի առաջ, բախվելով չինովնիկական կամայականությանը: Ու չնայած Մանթաշյանի համառությանն ու սկզբունքայնությանը՝ վերականգնելու իր ոտնահարված իրավունքները, բոլոր ջանքերն ապարդյուն են անցել,  իսկ Մանթաշյանի զեկուցագիրը՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, առհասարակ ճակատագրական է դարձել. զեկուցագիր ներկայացնելու հաջորդ իսկ օրը կադրերի բաժնից Մանթաշյանին կանչել են Երևան և ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի. Մանթաշյանը, բնականաբար, մերժել է այդ հակաօրինական պահանջը: Օրեր անց հիվանդանոցում տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից՝ իբր՝ իր կողմից գրված դիմումի համաձայն. դիմում, որ նա երբևէ չի գրել:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է այս ճչացող անարդարության համար պատասխանատվություն կրի, եթե ոչ նա, ում ուղղված Մանթաշյանի զեկուցագիրը փաստացի ճակատագրական նշանակություն է ունեցել վերջինիս համար: Փաստորեն, մինչ վարչապետ Կարապետյանն անդադար ապօրինության, հովանավորչության, չինովնիկական «բեսպրեդել»-ի դեմ շարունակական պայքարի կոչերով է հանդես գալիս, ոմն Կարապետյան Իշխան՝ գյուղնախի ինչ-որ չինովնիկ, իրեն իրավունք է վերապահում արհամարհել վարչապետի հրամանն ու սեփական կանոնները հաստատել իրեն ենթակա օղակում: Տեսնես քանի՞ գլխանի է Իգնատի Առաքելյանի այդ ենթական, որ իրեն բոլորից բարձր է դասել, փաստացի՝ միապետիկ հռչակել ինքզինքն ու իրեն կեսարի տեղ դրել: Հանդիսանալով գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Իշխան Կարապետյանը, փոխարենն ապօրինությունը կանխելու, փաստացի, անուղղակիորեն անօրինական գործողությունների է դիմել Մանթաշյանի դեմ՝ նրան կանգնեցնելով փաստի առաջ:

Տեսնես պարոն նախարարը տեղյա՞կ է՝ ի՞նչ է կատարվում գյուղնախի համապատասխան օղակներում: Տեսնես որքա՞ն ենք ստիպված լինելու հանդուրժել կարապետյանատիպ չինովնիկների ապօրինություններն ու կամայականությունները: Միգուցե Իգնատի Առաքելայնը մեզ լուսավորե՞ր...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ