Այսօր մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Նրա փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը միջնորդություն են ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլ տա՝ Անդրիաս Ղուկասյանը մասնակցի հոր հոգեհանգստի և հուղարկավորման արարարողությանը, քանի որ հայրը վերջին մեկ տարում որդուն չի տեսել։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը քաջ տեղյակ է եղել, որ Անդրիաս Ղուկասյանի հայրը գտնվում է ծանր առողջական վիճակում, սակայն որդու հետ տեսակցություններն արգելել է։ Կարեն Մեժլումյանը նաև նշեց, որ երբ «ԵԼՔ» դաշինքը դիմել է դատախազին Ղուկասյանի կալանքը վերացնելու համար, նշել էին հոր ծանր վիճակի մասին, սակայն գլխավոր դատախազն այդ հանգամանքը ևս հաշվի չի առել։

Փաստաբանը նաև ասաց, որ դիմումն այսօր են ուղարկել դատարան և հետևաբար  պատասխան դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում նույն թվականի նոյեմբերի 20-ից:

Նյութի աղբյուրը ` hraparak.am