Հանցավոր համագործակցության գործով ամբաստանվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառված 3 ժամով սանկցիա ժամկետները վաղուց լրացել է: Այդ մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածին:

Նշենք, որ գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ հայտարարեց, թե կիրառված սանկցիայի 3 ժամերը դատական նիստի 3 ժամ է հաշվվում, սակայն պաշտպան Ալումյանը նշեց, որ օրենքը նման պահանջ չի նախատեսում, իսկ օրենքի բացը չի կարող ի վնաս մեղադրյալի կիրառել:

Ալումյանը նշեց նաև, որ գործով 6 ամիս դատավարություն տեղի չէր ունենում, քանի որ Շիրխանյանը հայտարարում էր, որ չի կարողանում քայլել, սակայն նրան ասում էին քայլելով արի դատարան, այդքան ձգձգելուց հետո սայլակով բերեցին նրան դատարան: Հետագայում դատավորը, շատ լավ իմանալով, որ նա չի կարողանում ոտքի վրա կանգնել, պարտադրում էր, որ կանգի:

Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց, որ կա պատվեր՝ դատավարությունը ձգձգելու, բայց կա նաև տակտիկա մշակված, որ այդ ձգձգումները բարդեն պաշտպանական կողմի վրա:

Ինչ վերաբերում է նախագահողի կողմից դատական նիստն ընդմիջելուն և հանրային պաշտպան ներգրավվելուն, ապա Հայկ Ալումյանն այս ամենի հետագա ընթացքը հետևյալ կերպ ներկայացրեց. «Դատավորը շատ լավ գիտի, որ առանց Շիրխանյանի չի կարող հանրային պաշտպան ներգրավվել, միևնույն ժամանակ դատավորը շատ լավ գիտի, որ Շիրխանյանը անվճարունակ չի, որպեսզի օգտվի հանրային պաշտպանի ծառայություններից»:

Պաշտպանը նաև կանխատեսում է, որ Շիրխանյանի կողմից այդ մասին բարձրաձայնելուց հետո դատարանը կրկին դատական նիստերի ձգձգումը պաշտպանական կողմին կվերագրի:

 Աղբյուր` Փաստինֆո