Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում ԱՄՆ կողմից հստակ միտում է նկատվում՝ առավել ազդեցիկ դիրքեր զբաղեցնելու Հայաստանի տնտեսությունում: Դրա պատճառների մասին, թերևս, շատ էր գրվել ու խոսվել։ Այդ իրողությունն, ըստ էության, պայմանավորված է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերով, քանի որ բոլորովին էլ նորություն չէ, որ փողն ու կապիտալն այսօր սեփական աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածելու փայլուն միջոց է: ԱՄՆ-ն էլ, ելնելով իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից ու Անդրկովկասում հետապնդած շահերից, փորձում է այստեղ է՛լ ավելի արմատավորվել:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցկացվող Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում հուլիսի 14-ին անդրադարձ էր կատարվել Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրատնտեսական հարաբերությունների թեմային, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին:

Պետք է նկատել, որ բավական ուշագրավ շեշտադրումներ են նկատվում հատկապես Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքում, ուր նախագահն, ընդգծելով  հայ-ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը, կարևորել է հատկապես ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի ակտիվացումը: Իր խոսքում մեջբերելով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հաջողված օրինակներ՝ նախագահը հույս էր հայտնել, թե այն չիրացված ներուժը, որ կա հայ-ամերիկյան հարաբերություններում հատկապես տնտեսական մասով, առաջիկայում կիրացվի ու երկկողմ տնտեսական հարաբերությունները կսկսեն կրել առավել դինամիկ, զարգացող բնույթ:

Նախագահի խոսքի բովանդակային մասը, պետք է նկատել, համընկնում է ավելի վաղ վարչապետ Կարապետյանի կողմից հնչեցրած մտքերի բովանդակության հետ, ուր վարչապետը նույնպես խոսել էր Հայաստանի շահագրգռվածության մասին՝ ներգրավելու հավելյալ ներդրումներ, բացելու Հայաստանի տնտեսությունը ԱՄՆ առաջ:

Հարց է առաջանում, սակայն, որքանո՞վ է այսօր իրատեսական ԱՄՆ-ի կողմից, եթե ոչ միլիարդների, ապա գոնե մի քանի հարյուր միլիոն դոլարի ռեալ ներդրումը մեր երկրում, և կամ իրականում ի՞նչ է պետք անել դրա համար: 
Պարզելու համար այս հարցի պատասխանն իրականում պետք է հաշվի առնել մի քանի իրողություն՝ նախ՝ այն, թե ինչ իրական նպատակ է հետապնդում Արրևմուտքն իր ամբողջության մեջ, երբ խոսում է խոշոր ներդրումների մասին, և այն, թե արդյոք այսօր Հայաստանն օբյեկտիվորեն կարո՞ղ է ապահովել այն պահանջները, որոնց բավարարման դեպքում միայն փող կգա:

Բնականաբար, Հայաստանի տնտեսությունում արևմտյան խոշոր կապիտալի ներթափանցումն ինքնաբերաբար հանգեցնելու է ՌԴ ազդեցության որոշակի թուլացմանը. Հայաստանն այդպիսով որոշակի իմաստով  այլընտրանք է ձեռք բերում ու թուլացնում իր կախվածությունը Ռուսաստանից: Եթե կուզեք՝ արևմտյան հնարավոր կապիտալաներդրումները կոչված են լինելու հենց այդ նպատակին: Խնդիրն էլ այն է, սակայն, որ Հայաստանը, պատրաստակամություն հայտնելով ներդրումներ ներգրավելու Արևմուտքից, վերջինիս ավելորդ խոստումներով լիահույս չի անում, չի ասում, որ ներդրումների պարագայում Երևանը կարող է դիտարկել սեփական արտաքին քաղաքականության գոնե որոշ սկզբունքների վերանայում: Իսկ այս պարագայում, բնականաբար, Հայաստանում ներդրումներ անելու իմաստն ուղղակի կորում է: Այլ բան, եթե ասենք Արևմուտքը համակերպվի Հայաստանի առաջարկած պայմաններին (Արևմուտքի հետ հարաբերությունների հնարավորինս խորացում՝ առանց հայ-ռուսական հարաբերություններին դույզն ինչ վնասելու), բայց ողջ խնդիրն էլ հենց այն է, որ միլիարդների նեդրումներ անելու համար Արևմուտքին ավելին է պետք, ինչն էլ նշանակում է, որ եթե Հայաստանը թեկուզ զուտ տեսականորեն վաղվանից վերածվի Շվեյցարիայի, բիզնեսի համար օրենսդրորեն լավագույն պայմաններն ապահովող երկրի, ոչ ոք չի շտապելու այստեղ շոշափելի ներդրումներ իրականացնել ու ասենք ոտքի կանգնեցնել ՀՀ տնտեսությունը. սա միանշանակ է, քանի որ զուտ օբյեկտիվորեն Հայաստանն աշխարհին այսօր առաջարկելու ոչինչ չունի. բնակչությունը գնողունակ չէ, դեմոգրաֆիական աղետի շեմին է, չունի բաց սահմաններ և այլն:

Իսկ այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստան-Արևմուտք բիզնես համագործակցությունը, միլիարդների ներդրումներն իրականում բարի ցանկությունների դաշտից են, և Սերժ Սարգսյանի խոսքը պետք է դիտարկել ավելի շատ դիվանագիտության, քան տնտեսագիտության դիտանկյունից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ