Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimanche հրատարակության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Վերսալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սիրիայի հարցով Փարիզի և Մոսկվայի միջև համագործակցությունն անցել է նոր մակարդակ։

«Ես արձանագրում եմ, որ Վերսալում հանդիպումից հետո մենք առաջ ենք անցել այդ երկու հարցում»,- ասել է նա երկու «կարմիր գծերի» առնչությամբ. դրանք են քիմիական զենքի կիրառման արգելքը և մարդասիրական օգնությանը խաղաղ բնակչության հասանելիության ապահովումը։

«Տեղերում մեր ծառայությունների միջև համագործակցությունը մտել է նախկինի համեմատ բացարձակապես նոր մակարդակ»,- հավելել է Մակրոն։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ միջոցներ են ձեռնարկում ցանցահենության դեմ պայքարում: «Անհրաժեշտ է մշակել ցանցահենային տեղեկատվական գրոհների կրկնումը կանխարգելող գործողությունների ընթացակարգ»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ Ֆրանսիան և ՌԴ-ն աշխատում են այդ ուղղությամբ։