Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ գտնվող, նրան կալանավորելու մասին որոշում կա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ:

Քանի որ լեզվաբանը 48 ժամվա ընթացքում հրաժարվել էր հանձնվել, նրան հուլիսի 16-ի առավոտից հայտարարել են փախուստի մեջ գտնվող:

Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել էր, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել էր. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

«Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել էր մտավորականը:

Նիշանյանը հրաժարվել էր ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայում, թե դրա տարածքից դուրս: Նա նշել էր, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձ»,- ասել էր լեզվաբանը:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: