«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ թեև այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 12:30-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստը, բայց գրեթե վստահ է, որ այն այդպես էլ չի կայանա. «Ինձ փոխանցեցին, որ իմ դեմ հայց ներկայացրած 30 տնօրեններից 5-ն արդեն հետ է վերցել իր հայցադիմումը»:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ որոնք են հայցադիմումները հետ  վերցնելու հիմնավորումները, վերջինս պատասխանեց. «Դեռ տեղյակ չեմ, միայն, կասեմ, որ այսօր ինձ դատարանից հայտնեցին, որ տնօրենները հետ են վերցել իրենց հայցապահանջները»:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի համար ցուցակագրում իրականացրած դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրենի քաղաքացիական հայցն ընդունվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: 

30 տնօրեն Դանիել Իոաննիսյանից պահանջում են հրապարակային հերքել փաստացի տվյալները և որպես փոխհատուցում վճարել 2-ական մլն դրամ։