ՍԱՊԾ-ի կադրային քաղաքականությունից դժգոհությունները կարծես թե չեն սպառվում. այսօր ասուլիս էին հրավիրել ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը:

Բանն այն է, որ Մանթաշյանը սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել է քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, իր հետ նույն մրցույթին մասնակցել է նաև պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն Մանթաշյանին կանչել են և բանավոր տեղեկացրել, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, իսկ իրեն խոստացել են 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել: 

«Ես մրցույթով հաղթեցի, բայց պարզվեց՝ ինձ հետ մասնակցած և շեմը չհաղթած մեկն է իմ փոխարեն նշանակվելու» ,- ասաց Մանթաշյանը։ Իր հետ կատարված անարդարությունների մասին օրերս Նարեկ Մանթաշյանը վարչապետին նամակով էր դիմել, որին մեր լրատվամիջոցն անդրադարձել էր (նամակի բովանդակությանը ծանոթացեք այստեղ):

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ նախկինում ՍԱՊԾ շատ այլ աշխատակիցներ ևս նման խնդրի առաջ են կանգնել, սակայն ի տարբերություն իրեն, հանրային հնչեղություն չեն տվել, ինչն էլ, բնականաբար, սկսել է կրել շարունակական բնույթ: 

Նույնաբովանդակ խնդրի առաջ է կանգնած նաև ասուլիսի մյուս բանախոսը՝ Գեորգի Ավետիսյանը, ով ժամանակին ծաղրական բնույթի դիմում էր գրել՝ աշխատանքից ազատվելու խնդրանքով, այնուհետև եռօրյա ժամկետում փորձել հետ վերցնել իր գրած դիմումը, ինչը, սակայն, մերժվել է.  «Ես մտա դատարան և դատարանը վճիռ կայացրեց, որ իրենք իրավունք չունեին դիմումը չվերադարձնելու»,- ասաց Գեորգի Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկված է և գործն այժմ վերաքննիչ դատարանում է:

Բացի իրենց աշխատանքի հետ կապված խնդիրներից, ոլորտի մասնագետները նաև ՍԱՊԾ աշխատանքի թերությունների շուրջ խոսեցին: Մասնավորապես, բանախոսները հակված են այն կարծիքին, որ ՍԱՊԾ-ն զբաղված է բացարձակ ստախոսության տարածմամբ: Հատկանշական է հատկապես այն հանգմանքը, որ այս կառույցի հայտարարությունները իրարարմերժ են, օրինակ, կապված ադրբեջանական խնձորների, մանկական կերերի, պաղպաղակի շուկայի հետ. «Ադրբեջնական խնձորների պատմությունը հայտնի է բոլորին. ՍԱՊԾ-ն ասում էր, որ ամբողջովին վերացված են շուկայից, սակայն պարզվեց, որ հասարակական սեկտորը գտավ շուկայում առկա խնձորի խմբաքանակը։ Ասվածն ու արվածն իրար հակասեցին նաև մանկական կերերի պարագայում, երբ հայտնի դարձավ, որ դրանք գրանցված չեն ԵՏՄ ռեգիստրում և իրավունք չունեն ներկրվել Հայաստան։ ՍԱՊԾ-ն ասում է՝ գրանցված է, սակայն թուղթն այդպես էլ ցույց չի տալիս»,- ասաց Ավետիսյանը, ընդգծելով, որ բացարձակ ամենաթողություն է նաև պաղպաղակի շուկայում, որտեղ մինչ օրս լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, թեև ամռան երկրորդ ամիսն է վերջանում:

Գերոգի Ավետիսյանը նշեց, որ հավատով դիմել է վարչապետին և հույս ունի որ կառավարության ղեկավարը ուշադրություն կդարձնի «իր կադրի» վարած քաղաքականությանը, և եթե ինքը փոփոխություններ է ակնկալում գործադիրի ոլորտում, ապա նույնը պետք է ակնկալի Իշխան Կարապետյանից: