«Սասնա Ծռեր»-ի ապստամբական քայլը օրինաչափ էր, քանի որ մեր երկիրը զավթած վարչախումբն այլընտրանք չէր թողել։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Հայ քաղաքացու, ժողովրդի իրավունքներն իրացնելու խաղաղ հնարավորությունները վաղուց փակվել էին և ՊՊԾ գունդը գրավելու իրադարձությունների օրերին հայ ժողովրդի համերաշխությունը դրա ամենապարզ արտացոլանքն է։ «Սասնա Ծռեր»-ն իրենց քայլով ցույց տվեցին այդ իրականությունը. ցավոք, այլընտրանք չէր թողնվել», - ասաց նա։

Ենիգոմշյանի խոսքով, թեև այսօր գործող վարչախմբից ձերբազատվելու և ազգային պետական համակարգ ստեղծելու՝ «Սասնա Ծռեր»-ի դրած խնդիրը չի իրականացել, սակայն հոգեբանական վիճակն էապես փոխվել է․ Խնդիրը միանգամից չի լուծվում և դա զարմանալի չէ։ Սակայն դա ամենևին չի նշանակում, թե եթե գլխավոր խնդիրը չի լուծվել, ապա չի էլ լուծվի, քանի որ մեկ տարվա մեջ էական բան է փոխվել և այն, ինչ պետք է իրագործվի՝ իրագործվելու է։ Որակական փոփոխություն է տեղի ունեցել, որն իր ազդեցությունն ունենալու է հետագա իրադարձությունների վրա։ Էական ձեռքբերումն այն է, որ ժողովրդի մեջ հանդուգն, խիզախ, բարոյական սկզբունքների տեր մարդիկ չեն ընկճվում և շարունակելու են երկրի ճակատագիրը չթողնել այս վիճակում ու երկրի տերը լինելու իրենց հավատամքն իրականացնելու են»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով «Սասնա Ծռեր»-ի 31 անդամների դատական գործընթացներին, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը նկատեց՝ Հայաստանում չկա դատավարություն, որովհետև չկա  դատական անկախ իշխանություն․ «Այս վարչախումբն ապացուցում է, որ ոչ միայն խեղկատակություն է դատական գործընթացը, այլև շարունակում է բռնատիրական վարքագիծը՝ խոշտանգելով տղաներին։ Նրանք մտածում են այդպես ընկճել նրանց, սակայն չեն կարող ո՛չ հոգեբանորեն կոտրել «Սասնա Ծռեր»-ին, ոչ էլ հուսահատության մատնել ժողովրդին։

Ենիգոմշյանի խոսքով՝ «Սասնա Ծռեր»-ին ահաբեկիչ որակելը սխալ է, քանի որ ցանկացած մարդու իրավունքն է տնօրինել իր ճակատագիրը, սակայն  երբ փակվում են սեփական ճակատագիրը տնօրինելու ճանապարհները, իրավունքները ոտնահարվում են և հնարավոր չէ իրենց իրավունքներն իրացնել խաղաղ ճանապարհով, ապա այդ դեպքում մարդ ստիպված է դիմել այլ միջոցների․ «Դա ահաբեկչություն անվանել չի կարելի։ Եթե «Սասնա Ծռեր»-ի նպատակն ահաբեկելը լիներ, ապա 15 օրերի ընթացքում կիրականացնեին դա և հարյուրավոր մարդիկ կզոհվեին, բայց նրանք այդ քայլին չգնացին»,- ասաց նա՝ նշելով, որ «Սասնա Ծռեր»-ը մինչև վերջ շարունակեցին խաղաղ ճանապարհով հասնել իրենց ուզածին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեկ տարի առաջ՝ 2016 թ.-ի հուլիսի 17-ի գիշերը «Սասնա Ծռեր» զինված խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը և  տարածեց հայտարարություն. «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» բովանդակությամբ:

Սոնա Հարությունյան