Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս որոշում է կայացրել Վահրամ Մկրտչյանին նշանակել ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար: Վահրամ Մկրտչյանը թեեւ ՀՀԿ համամասնական ցուցակում էր, սակայն հերթը չհասավ նրան եւ նա չանցավ Ազգային ժողով։ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը խորհրդարանում հայտնի էր որպես «Ֆլեշի Բարսեղի» հովանավորյալ: Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է։

Վահրամ Մկրտչյանը «Հանրապետական» կուսակցության անդամ է, սակայն ժամանակին ղեկավարում էր ՀԺԱՄ կուսակցությունը, շատերն են հիշում Մկրտչյանի սուր քննադատությունները՝ ուղղված Սերժ Սարգսյանին. նա հայտարարում էր, որ «աղոթում են նրա մեղքերի համար»։ Տարիներ հետո, երբ Մկրտչյանը դարձավ ՀՀԿ-ական, ապա՝ պատգամավոր, նույն էնտուզիազմով Սերժ Սարգսյանի գովքն էր անում։ Իսկ դրանից առաջ էլ նա ԱԺՄ-ի անդամ էր։ ՀՀԿ նախկին պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» կազմակերպության նախագահ, Սերժ Սարգսյանի մերձավոր «Ֆլեշի Բարսեղի» հովանավորյալ Վահրամ Մկրտչյանի նշանակումը Կրթության ու գիտության փոխնախարարի պաշտոնում՝ լայն արձագանք է ստացել մամուլում: Վահրամ Մկրտչյանի պատգամավորական գործունեության մասին քչերի մոտ են հուշեր պահպանվել այն պարզ պատճառով, որ վերջինս պատգամավորության հինգ տարիների ընթացքում աչքի է ընկել միայն զրոյական ՕԳԳ-ով: Դժվար թե դրանով պայմանավորված լինի Մկրտչյանի կարիերային թռիչքը: Գաղտնիք չէ, որ «Ֆլեշի Բարսեղը» սիրում է կրթությունն ու գիտությունը եւ տարիների ընթացքում հասել է ԿԳ նախարարության կազմում կամ դրան կից տարբեր կառույցների ստեղծմանը, այնտեղ տեղավորելով իր մտերիմներին: Այդ կառույցներն ահռելի միջոցներ են ստանում բյուջեից:

Գաղտնիք չէ, որ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Բեգլարյանի հարազատն է, բոլորը գիտեն, թե ինչ առանցքային գործառույթ ունի Մկրտչյանը կրթական ոլորտում: Եթե երկրի ղեկավարությունը իրոք հետաքրքրված է կրթական ոլորտով, ապա  պետք է այցելեն ոչ թե Լևոն Մկրտչյանի աշխատավայր, այլ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության գրասենյակ, քանի որ ոլորտի յուղոտ պատառներին, մասնավորապես՝ ընդունելության քննություններին տիրապետում է հենց Բարսեղ Բեգլարյանը: Ներիշխանական անցուդարձից տեղյակների փոխանցմամբ՝ բենզին ծախելուց, պետպատվերի շրջանակներում դիզվառելիքի սպառում ապահովելուց և «Արարատ» բանկի միջոցով փողեր պտտեցնելուց ազատ ժամանակ Բարսեղ Բեգլարյանը զբաղված է նաև նոր սերնդի հարցերով։

Չար լեզուները պնդում են, որ ընդունելության քննություններում «դաբրոյի» իրավունքը իշխանությունները տվել են հենց «Ֆլեշի Բարսեղին»։ Նա էլ ամեն ինչ կազմակերպում է «արդարաբար»՝ ելնելով «բարեպաշտության» սկզբունքներից։ Իսկ նոր փոխնախարարը, ով նույնպես սերնդի բարեպաշտության և հայության հարատևման վառ ջատագովն է, այս հարցում «Ֆլեշի Բարսեղի» համար լավագույն օգնականն է:

Ստելլա Խաչատրյան