18:07 Այսօր` հուլիսի 17-ին, լրացավ «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելու մեկ տարին: Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում զինված խմբի գործողություններից մեկ տարի անց կազմակերպվել է հիշատակի միջոցառում՝ նվիրված այդ օրերին զոհված ոստիկաններ գնդապետ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի:

Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով քաղած դասերի մասին, նշեց, որ դրանք ավելի ակնհայտ կլինեն շատ ավելի ուշ:

Դիտարկմանն՝ արդյոք Ոստիկանությունը բացառում է  «Սասնա ծռեր» զինված ապստամբության կրկնությունը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունը կանխարգելում է, Ոստիկանությունը չի զբաղվում գուշակություններով»

Վերջինս լրագրողներին հորդորեց այսօր հարգել զոհվածների հիշատակը և հարցեր չտալ, իսկ ճշտող հարցին՝ ինչո՞ւ է Ոստիկանապետը խուսափում լրագրողների հետ հարցուպատասխանից, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանապետին հարցեր տալու տարբեր հնարավորություններ ունեք և կունենաք, Ոստիկանապետը չի խուսափում հարցերին պատասխանելուց»: 

 

17:30 Այսօր Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում բացվեց հուշարձան` ի հիշատակ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի գործողությունների հետևանքով զոհված երեք ոստիկանների: Հուշարձանը կոչվում է «Պատիվ ունեմ»: