Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր գրասենյակի վրա այս տարվա ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում արձանագրել է որոշակին անօրինականություններ, որոնք փաստում են, որ գործի քննությունն ուղղորդված է որոշ մարդկանց կողմից: 

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբանը՝ ահազանգելով Փաստաբանական պալատում տիրող բարքերի մասին:

«Իմ նկատմամբ քրեական գործը պետք է դադարեցվի, ես կհամաձայնեմ բարիշել նրանց հետ, եթե հրապարակային  ներողություն խնդրեն: Իմ պայմանը սա է: Հակառակ պարագայում՝ ես գնալու եմ մինչև վերջ: Ես թքած ունեմ նման արդարադատության վրա, ես մինչև վերջ գնալու եմ, թեև գիտակցում եմ, որ կարող եմ անգամ արտոնագրից զրկվել կամ դատապարտվել, բայց դա ինձ չի վախեցնում: Նորից եմ կրկնում՝ կամ այս գործը կկարճվի արդարացման հիմքով, կամ ես կգնամ մինչև վերջ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:  

Ներկայացնելով գործի հետ կապված որոշ մանրամասներ՝ բանախոսը նշեց, որ Վրեժ Խաչիկյանն իրեն փորձել է խեղդամահ անել, որի հետևանքով ինքն ունեցել է մարմնական վնասներ: «Չորս հոգով մտել են իմ գրասենյակ: Նրանք կամակատարներ են և պետք է խոստովանեն դա»,-նշեց փաստաբանը:

Ասուլիսին մասնակից փաստաբան Երվանդ Վարոսյանը հռետորական հարց է ուղղում այն մարդկանց, ովքեր եկել էին Տիգրան Աթանեսյանի գրասենյակ նրան ծեծելու մտքով. «Եթե եկել ես զրուցելու պարոն Աթանեսյանի հետ, ոչ թե հարձակվելու կամ հայհոյելու նրան, ինչո՞ւ ես գրասենյակում աշխատող աղջկան դուրս հրավիրել սենյակից: Չկա՞ր հեռախոս, որ կարողանայիր զանգել: Սա, կարծում եմ, նախաքննական մարմնին էլ է հայտնի: Հետաքրքրական է, որ մեր բոլորիս ֆեյսբուքյան էջերը նախաքննական մարմինը ուսումնասիրել է,  այդ պարագայում ինչպե՞ս չի արձանագրել հակառակորդ կողմի գրած ստատուսը «Դեռ պատասխան ես տալու բովանդակությամբ»: Ոչ ոք չի ուզում տեսնել, որ այս գործով անցնող Սիմոն Բաբայանն այս դեպքից առաջ էլ սադրում էր մեզ» ,-ասաց Վարոսյանը: 

Վերջում Տիգրան Աթանեսյանը նորից շեշտեց՝ եթե քրեկան գործը չկարճվի, այս գործը լինելու է ոսկոր իշխանության կոկորդին և ինքը տալու է շատ հայտնի պաշտոնյաների անուններ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:

Նշենք, որ այսօր փաստաբանները հրապարակեցին մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են  չորս փաստաբան մտնում Տիգրան Աթանեսյանի գրասենյակ և1րոպե 54 վայրկյան հետո դուրս գալիս այնտեղից: