Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն ու սնանկությունը: Անցած տարիների մեջ առաջին անգամ դիմորդների թիվը ոչ միայն կտրուկ նվազեց, այլև հազարավոր թափուր տեղեր մնացին բազմաթիվ ֆակուլտետներում:

Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները հրապարակված եւ արդեն պարզ է, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր, և, թերևս, զարմանալի չէ, որ դրանք բոլորը վճարովի համակարգում են:

Բնականաբար, ուսանողների հոսքի կտրուկ կրճատման արդյունքում, մեր ԲՈՒՀ-երը կանգնել են փողերը որևէ կերպ լրացնելու խնդրի առջև, ու քանի որ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները վաղուց վերածվել են բիզնես նախագծերի, այս անգամ էլ զոռ են տվել կրեատիվին ու որոշել՝ ոչ ավել ոչ պակաս անցկացնել նոր ընդունելության քննություններ: Ու քանի դեռ ԲՈՒՀ-ը զբաղված են «էստի համեցեք» նախագիծը կյանքի կոչելով, հպանցիկ հայացքը գնացուցակին թույլ է տալիս կռահել, որ ռեկտորների գրպանին մոտակա տարիներին վտանգ չի սպառնա: Օրինակ, ԵՊՀ-ում տնտեսագիտություն մասնագիտության 80 թափուր տեղ կա, իսկ ուսման վարձը 650 հազար դրամ է: Դժվար չէ բազմապատկել: Ինֆորմացիա մասնագիտությամբ 33 թափուր տեղ կա` ամեն մեկը 540 հազար դրամանոց: Սա էլ կարող ենք բազմապատկել:

Բնականաբար, եթե պատկան մարմիններին հուզեր մեր բարձրագույն կրթության որակը, որը, մեղմ ասած, բավարար չէ՝ արդեն իսկ մատը մատին խփած կլինեին: Արդյունավետության տեսանկյունից, բոլոր թափուր տեղերը, պահանջարկ չունեցող բաժինները հարկավոր էր կրճատել: Բայց քանի որ մեր մոտ բոլոր ոլորտներում առաջնայինը բիզնես մտածողությունն է, որոշել են այստեղ էլ առիթը բաց չթողնել:

Իսկ հետո մեր կրթության պատասխանատուները, պաշտոնյաները, ռեկտորներն անմեղ դեմքով պետք է ի խորոց սրտի վիրավորվեն, երբ այլ պետությունների կողմից փաստվի՝ ԲՈՒՀ-ը դիպլոմի վաճառակետերի են վերածվել, «դու մեզ փող՝ մենք քեզ դիպլոմ կարգախոսով»:

Ու, բնականաբար, կարևոր չի, ինչպես կսովորի ուսանողը, ինչպիսի մասնագիտական որակների կտիրապետի, կարևորը՝ վարձը ժամանակին վճարելն է:

Մնացածը էական չէ:

Ստելլա Խաչատրյան