Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները:

Ընդգծելով, որ Հայաստանը և Հնդկաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը այդ հոբելյանը լավ առիթ է համարել ի մի բերելու ձեռքբերումները և նախանշելու հայ-հնդկական հարաբերությունների` հատկապես դրանց տնտեսական բաղադրիչի ընդլայնման հնարավորությունները: Նախագահի համոզմամբ, դրա համար առկա են բոլոր նախադրյալները, քանի որ անցած տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների:

«Չնայած հաստատված հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններին, իսկ այդ հարաբերությունները հիմնված են ամուր պատմական կապերի և ավանդույթների վրա, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք այդ հարաբերությունների ներուժը դեռ չենք կարողացել լավագույնս իրացնել: 

Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, և ուղղակի անհրաժեշտություն է այդ երկրի հետ մեր հարաբերությունների, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունների խորացումը: Իհարկե, այդ գործում շատ մեծ կարևորություն ունի Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի օրակարգը, անշուշտ, պետք է թարմացնել նոր և թիրախային հարցերով, որոնք պետք է լինեն բազմազան՝ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մինչև գյուղատնտեսության ոլորտ, ադամանդագործություն, զբոսաշրջություն: Ունենք լավ օրինակներ, և այստեղ հատկապես ուզում եմ նշել Երևանի պետական համալսարանում գործող հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, որը շատ մեծ աշխատանք է կատարում:

Կարևորում ենք նաև Հայաստանի մարզերում դպրոցների միջև համակարգչային ցանցի ստեղծման հարցում Հնդկաստանի աջակցությամբ և ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ համատեղ կրթական ծրագրերի ներդրումը: Տավուշում և Վայոց ձորում կատարված աշխատանքը և այնտեղ եղած սարքավորումների միացումը այս կենտրոնին, իհարկե, այդ երկու մարզերի համար կունենան շատ էական նշանակություն: Ընդհանրապես, այս ոլորտում Հնդկաստանում հսկայական աշխատանք է կատարվել, նրանք շատ մեծ փորձ ունեն և զգալի կարողություններ, ուստի հաշվի առնելով այս ոլորտում մեր երկրում առկա ներուժը, այստեղ համագործակցությունը, անշուշտ, պետք է շատ ավելի ինտենսիվ լինի:

Ուզում եմ նաև օրինակ բերել մեր համագործակցությունը կրթության, գիտության ոլորտում: Շատերին է հայտնի, որ այսօր Հայաստանում ուսանում են հազարից ավելի հնդիկ ուսանողներ, որոնք մասնագիտություն են ձեռք բերում և, բնականաբար, զուգահեռ ծանոթանում են մեր մշակույթին, պատմությանը, այնուհետև վերադառնալով իրենց հայրենիք՝ համալրում են մեր բարեկամների շարքը: Սա շատ կարևոր հանգամանք է, և այս ուղղությամբ ևս մենք հսկայական հնարավորություններ ունենք զարգացնելու համագործակցությունը: Ես վերջերս եղել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ծանոթացել եմ նրանց ծրագրերին՝ նրանք ևս պատրաստ են իրենց կողմից ջանք ներդնելու, որպեսզի այստեղ ուսանողների թիվն ավելանա, ընդհանրապես համագործակցությունը և՛ առողջապահության, և՛ կրթության ոլորտներում ընդլայնվի: 

Կարծում եմ, որ մենք ունենք շատ մեծ հնարավորություններ համագործակցելու ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, և պետք է շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ: 
Շատ մեծ հնարավորություն կա համագործակցելու դեղագործության ոլորտում, որտեղ Հնդկաստանը մեծ հաջողություններ ունի՝ նրանք խոշոր մատակարար են, և այստեղ մեր հնարավորությունները պետք է ի ցույց դնենք, որպեսզի կարողանանք նրանց ներգրավել հայաստանյան շուկա: 

Անշուշտ, մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Որքան տեղյակ եմ մենք ունենք աշխատանքային խումբ, և անցած տարիներին եղել են փոխայցելություններ: Այստեղ ևս համագործակցությունը, ընդ որում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի հետ կապված, կարող է մեզ համար արդյունավետ լինել: 

Անպայման պետք է զգալի աշխատանք տանենք զբոսաշրջության զարգացման գործում: Հսկայական բնակչություն ունեցող այդ երկիրը զբոսաշրջության ոլորտում ևս մեծ ներուժ ունի: 

Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր զեկույցում ավելի հանգամանալից անդրադարձեք այս հարցերին: Մենք որոշակիություն պետք է ունենանք՝ կոնկրետ որ ոլորտում ինչ պետք է անենք, որպեսզի այսօրվա մեր հարաբերություններին ոչ հարիր թվերն ու ցուցանիշները հաջորդ անգամ չհնչեցնենք, նկատի ունեմ՝ առևտրաշրջանառության ոլորտում, որտեղ ներուժը շատ մեծ է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Դեսպան Մարտիրոսյանի զեկույցի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, որոնք կներառվեն նաև Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: