Զբոսաշրջությունը, որպես Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություն վերցրած Կառավարությունն ու նրա ղեկավարը, գործադիրի նիստերի ընթացքում հաճախ է հանրապետական գործադիր մարմիններից պահանջում «Մաքուր Հայաստան», որը պետք է գրավիչ լինի և մեր երկիր բերի բազմաթիվ զբոսաշրջիկների:

Բայց արի ու տես, որ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները բողոքում են ինչպես մեզ մոտ մատուցվող ծառայությունների բարձ գներից, այնպես էլ փնթիությունից.  

Մասնավորապես՝ Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ մեկնող էլեկտրագնացքով Սևան ժամանած զբոսաշրջիկներին հիասթափեցրել է  Սևանի թերակղզու հարակից տարածքում գտնվող գետնանցումի, մեղմ ասած, անմխիթար վիճակը. «Գնացքից իջեցնելուց հետո, կայարանի դիմացի մայթում գտնվող Ծովինար լողափ հասնելու համար պետք է անցնեինք գետնանցումով, սակայն այնտեղով անգամ կենդանիները չէին անցի: Մութ, աղբով լցված ու գարշահոտությամբ բուրող այդ գետնանցումով անցնելիս զարմացած էինք մնացել փնթիությունից ու ոչ միայն մենք, այլ նաև շատ հայ ուղևորներ»,-իր տպավորությունները մեզ հետ կիսեց Հայաստան եկած զբոսաշրջիկը:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել՝ ով է պատասխանատու Երևան-Սևան մայրուղու վրա տեղակայված այդ ենթակառուցվածքի համար:

Սևան ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը մեզ հայտնեց, որ այդ տարածքից պահպանման համար իրենք պատասխանատու չեն և չեն էլ իմացել՝ ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, սակայն խոստացավ հետամուտ լինել տարածքի մաքրման հարցում. «Մենք հետամուտ կլինենք, որպեսզի այդ գետնանցումը մաքրվի, որ անհարմարություններ չպատճառենք Սևանա լիճ եկողներին, բայց պետք է նշեմ, որ տարածքի պահպանման պատասխանատուն Սևան ազգային պարկը չէ»:

Այնուհետև պարզեցինք, որ գետնանցումի պահպանությունը դրված է քաղաքապետարանի վրա, թեպետ քաղաքից դուրս ընկած հատված է: Երջանիկ պատահականությամբ մեր զանգից հետո որոշում է կայացվել մաքրել տարածքը. «Այսօր արդեն տրվել է հանձնարարական՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար»,- ասաց քաղաքապետի խորհրդականը՝ մոռանալով, որ տարածքն ավլելով խնդրին լուծում չի տրվի, կարևոր է նաև այդ տեղում կազմակերպել բարեկարգման աշխատանքներ, թե չէ տպավորություն է ստացվում, որ զբոսաշրջիկին հրավիրում ենք, բայց ոչ մի հարմարություն չենք ստեղծում իր համար:

ՀԳ. Հետաքրքրական է, որ ամռան երկրորդ ամիսն արդեն վերջանում է, իսկ պատկան մարմինները նոր են որոշում Հայաստանը մաքրել աղբից՝ սեփական ժողովրդի և օտարերկարցիների մոտ խայտառակ չլինելու համար: 

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com

Աղավնի Սուքիասյան