«Մենք չենք բացարձականացնում հայերենը Հայաստանում և չենք տարածում մեր լեզուն ամբողջ աշխարհում, ինչը բխում է մեր Սահմանադրությունից»,-այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արմեն Հովհաննիսյանն, ով հանդիսանում է «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ: 

Հայաստանի հանրապետությունում լինելու է մեկ պետական լեզու, այդպես եղել է միշտ, և դա քննարկման թեմա չի կարող դառնալ»,-ասաց նա: 

Քննարկման մասնակից՝ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս հարցը տևական ժամանակ է բարձրացվում և սա ռուսական պետության արտաքին քաղաքականության ուղենիշերից մեկն է: «Սրա վրա հիմնվելով՝ մեր իշխանության ներկայացուցիչները օրերս Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ ընդամենը պետք է մեջբերեին սահմանադրության տողերը և ասեին, որ Վոլոդինի հայտարարությունը վիրավորում է մեզ»,-ասաց նա՝ հավելեով, որ ՌԴ իշխանությունների կողմից Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու հարցը դրվել է դեռևս 2010 թվականին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հայ հասարակությունը շատ կտրուկ է լինելու. որևէ զիջում չի լինելու և վերջ:

Ես բացարձակապես դեմ եմ մեր երկրում որևէ այլ լեզվի պետական կարգավիճակ տալու հարցին»,-ասաց Արայիկ Հարությունյանը:  

Խոսելով հայ հասարակության ցուցաբերած ուշադրության մասին՝ բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ հավելեց, որ մեր հասարակությունը, ցավոք սրտի, բավական կրավորական են այդ կարգի նուրբ և զգայուն հարցերի նկատմամբ, բացի այդ հասարակության մեծ մասը զրկված է որևէ լեգալ ֆորմատով իր կարծիքը հայտնելու հնարավորությունից:

«Մեր կողմից անատամ արձագանքը՝ օրակարգում կա, օրակարգում չկա բնորոշումներով՝ շատ մտահոգիչ է: Արդյոք նման անհասցե հայտարարություններով չեն փորձի թոզ փչել հասարակության աչքից, վերջում էլ հայտարարեն, որ ամեն ինչ արեցին, բայց չստացվեց»,- նշեց կրթության փորձագետը: 

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում որոշումները կայացնում են միանձնյա, ինչով էլ պայմանավորված է հասարակության անտարբերությունն այս հարցի նկատմամբ:

Քննարկման բանախոսներն անդրադարձան նաև Հայաստանում տրվող  ավարտական վկայականներում ռուսաց լեզվով նշումներին՝ շեշտադրելով, որ եթե ռուսերենով նշում կա, ապա անպայման պետք է լինի նաև անգլերոնով: 

Աղավնի Սուքիասյան