Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են «Դաշնակցության» Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի գործադիր մարմնի «Դաշնակցության» բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ նիստում, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, անդրադառնալով ՀՅԴ կոալիցիոն կարգավիճակին` ասել է. ««Դաշնակցության» մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային՝ ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացման»:

Այն փաստը, որ ՀՅԴ-ն մինչ օրս կոալիցիայի մաս է կազմում, պետք է խոսեր այն մասին, որ արմատական բարեփոխումների մեկնարկն արդեն իսկ տրված է, մինչդեռ  կառվարությունը ոչ ինքն է բարեփոխվել, ոչ էլ հույս է ներշնչում, որ ՀՀ քաղաքացիների ամենօրյա կյանքում դրական փոփոխություններ կլինեն: Եթե խոսենք արմատական բարեփոխումներից, ապա ակնհայտ է, որ դրանք կատարվել են առաջին հերթին հենց ՀՅԴ և այդ կուսակցության ղեկավարության կյանքում: Արմատական ընդդիմադիրներից վերածվել են մոլի իշխանամետների: Կուսակցական քաղաքականության այսչափ արմատական «բարեփոխումը» չէր կարող վրիպել սփյուռքի դաշնակցական կառույցների ուշադրությունից: Վերջիններս սկզբում զարմացան, հետո զայրացան, իսկ վերջում էլ՝ հասկանալով, որ Հրանտ Մարգարյանի իշխանական ախորժակը վեր է կուսակցական ցանկացած գծից՝ սպառնացին: Տարակուսելի է, որ ՀՅԴ  ղեկավարությունը իրար է անցել ու ամառվա այս տապին նիստ է հրավիրում, որտեղ կարևորագույն հարցերը մի կողմ դրած՝ քննարկում են իրենց կոալիցիա մտնելը ու կարծես արդարանում այդ քայլի համար: Իսկ արդարանում են հենց այն նույն զարմացած, զայրացած և սպառնացող սփյուռքի առջև: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ շտապ հավաքը հենց այս առիթով էր: Սփյուռքի դաշնակցական կառույցները սպառնացել են վերջնականապես փակել քսակները Հրանտ Մարգարյանի կողմից արմատականորեն բարեփոխված Հայաստանյան դաշնակցության համար: Գաղտնիք չէ, որ ՀՅԴ ֆինանսավորման արջի բաժինը հենց սփյուռքի կազմակերպություններին է պատկանում, և ահա վերջիններիս համբերության բաժակը կարծես թե լցվել է: Նրանք չեն ցանկանում վճարել Հրանտ Մարգարյանի իշխանական քաղցը հագեցնելու համար:

Սերժ Սարգսյանը, ՀՅԴ հետ կոալիցիա կազմելով, փորձում էր ստանալ նաև սփյուռքի աջակցությունը, միչնդեռ ՀՀԿ հետ քաղաքական սիրավեպի արդյունքում այդ աջակցությունից զրկվում է հենց ՀՅԴ-ն: Դրանով իսկ նվազում է հաջորդ խորհրդարանում հայտնվելու հավանականությունը և Դաշնակցության կշիռը Սերժ Սարգսյանի ծրագրերում: Դա է պատճառը, որ դաշնակցականներն արդարանում են դաշնակցականների առաջ, ասելով՝ հայրենիքի շենացման համար ենք կոալիցիա կազմել: Մինչդեռ Սփյուռքի դաշնակցությունն այս պահին ականատես է լինում միայն Հրանտ Մարգարյանի և դաշնակցական նախարարների շենացմանը: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն նաև ֆինանսական կախվածության մեջ է հայտնվելու Սերժ Սարգսյանից, եթե, իհարկե, դաշնակցական մարզպետները և նախարարները իրենք չբանան իրենց քսակները:

Ընդհանրապես, Դաշնակցությանը չես նախանձի: Ինչ կոալիցիայի անդամ են դարձել՝ միայն նրանով էլ զբաղված են, որ բացատրում են այդ քայլի պատճառները: «Մենք բաց ճակատով մտնելու ենք ժողովրդի մեջ՝ բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ»,- վերջերս հայտարարել էր Արմեն Ռուստամյանը։ Սա, մեղմ ասած, շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև սովորաբար ընդունված է դիմացինին բացատրել այն, ինչը նա չգիտի։ Իսկ այս դեպքում բացատրելու բան չկա. բոլորը շատ լավ գիտեն, թե «Դաշնակցությունն» ինչու է մտել իշխանության մեջ։ Մտել է, որպեսզի պաշտոններ ստանա։ Իսկ եթե ՀՅԴ-ն մտադիր է հակառակը պնդել, ապա դա արդեն բացատրություն չի լինի, այլ արդարացում: Թեև արդարանալը «Դաշնակցության» համար նորություն չէ…

 

Ստելլա Խաչատրյան