Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, հիվանդանոցում մահացել է:

 

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին` ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

 

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը դանակահարվել էր իր հոգեբանական կենտրոնում: 

 

Ռուբեն Պողոսյանը շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նա հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը:

 

Հոգեբանին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանը։