ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում պետական գերատեսչությունների առջև խնդիր դրեց մեկ ամսվա ընթացքում բացառել իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումների կամ վարչարարական ձևական պահանջների ներկայացումը:

«Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից՝ շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ՝ այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես, իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն: Ավելին` որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Ուստի նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝  հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։

«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրել, մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառվեն, որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: