Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից սկսվել են Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) շուկայի քանդման աշխատանքները, ինչին դեմ են տոնավաճառի աշխատակիցները:

Այս պահին նրանք բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ: Աշխատակիցներից մեկը ԼՈՒՐԵՐ.com-ին հետ զրույցում հայտնեց, որ երեկվանից ծանր տեխնիկան ավերակ է արել շուկան՝ իրենց զրկելով ապրուստի միակ միջոցից. «Գոնե մի քանի ամիս մեզ ժամանակ տային, մինչև կարողանայինք մեր ունեցած ապրանքը վաճառել ու թողնել հեռանալ էս երկրից: Վարչապետից պահանջում ենք՝ արձագանքել մեր խնդրին»,-դժգոհեց քաղաքացին:

Շուկայի  առևտրականներն ու տարածքի բնակիչները Կառավարությունից պահանջում են պայմանագրեր կնքելու հստակ մեխանիզմ մշակել, որպեսզի պետությունն իրենց չխաբի և իրենց տների դիմաց չհատկացնի չնչին փոխահատուցում:

Միևնույն ժամանակ, շուկայի աշխատակիցները հայտնեցին, որ չեն պատրաստվում որևէ տեղ տեղափոխվել և առևտրով զբաղվել այլ շուկաներում: