ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ծրագիրն արդեն մտել է ընթացքի մեջ։ «Այն ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին: Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դեկտեմբերի 16-ին ընդունել են ուղղիչ գործողությունների ցանկ, արդեն որոշ աղբավայրեր փակվել են:

«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով: