Այսօր՝ հուլիսի 21-ին, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նշենք, որ բերման ենթարված անձը կասկածվում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանին մահվան հասցնելու մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա Ռուբեն Պողոսյանը: Վերջինս հուլիսի 19-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել, սակայն հուլիսի 20-ին, ժամը 2.10-ին, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ. Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:

Կասկածյալը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով: