«Հրաչյա Հարությունյանի հետ խոսել ենք, բայց չենք հանդիպել: Զանգահարեց միայն, ասաց՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է: Չգիտեմ՝ այսօր հարմար կլինի՞ նորից զրուցել, թե՞ ոչ: Տեսնենք՝ ինքը ինչ կասի, ինչպես է առողջական վիճակը»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը:

Նա փոխանցեց, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Հրաչյա Հարությունյանին. «Դեռևս կապ չենք հաստատել ՄԻՊ-ի հետ, բայց հայրս պետք է կապ հաստատի, որ տեսնենք՝ այցելություն թույլատրո՞ւմ են, կարո՞ղ ենք տեսակցել Հրաչյային, թե՝ ոչ»

Հրաչյա Հարույունյանի կնոջ խոսքով՝ իրենք հույս ունեն, որ ամուսնուն ազատ կարձակեն. «Հույս ուենենք՝ ազատ կարձակեն, կթույլատրեն տուն գալ: Այսքան խոսակցությւոններից հետո, հույս ունենք, որ մեր հայերը մի բան կանեն»

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 20-ին, Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։

Ըստ դատավճռի՝ ամբողջությամբ ապացուցվել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները: Հարությունյանը տեղյակ է եղել բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին և ինքն իրեն գիտակցաբար այնպիսի վիճակի մեջ է դրել, որ չի կարողացել վերահսկել մեքենան և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով ավտովթար է եղել, և մարդիկ են զոհվել:

Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա արդեն 4 տարի է՝ գտնվում է կալանավայրում, իսկ  պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում:

Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու որոշումը կայացվել էր այս տարվա հունիսի 16-ին: 

Սոնա Հարությունյան