Ռուսաստան կատարած պաշտոնական այցից հետո Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Երեւանում հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որի հետ քննարկել են երկկողմ կապերը, այդ թվում՝ խորհրդարանական փոխայցերի, կոռուպցիայի դեմ պայքարի, արցախյան խնդիրները: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը: Բաբլոյանի հանդիպումը Միլսի հետ՝ ուշագրավ  ենթատեքստ է ստանում հատկապես ԱԺ նախագահի՝ Մոսկովյան տապալված այցի ֆոնին: Ինչպես գիտենք, ԱՄՆ դեսպանը հայկական իշխանությունների հետ համագործակցության նախապայման է առաջ քաշել՝ կոռուպցիայի հետ գործուն պայքարը: Դժվար է պատկերացնել, որ Արա Բաբլոյանը կարող է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, առավել ևս՝ հանդես գալ նախաձեռնություններով, հետևաբար, դեսպան Միլսի հետ նրա հանդիպումն ավելի շատ ցուցադրական նպատակ էր հետապնդում և անուղղակի մեսսիջ էր ռուսական կողմին: Հայկական կողմն այս քայլով փորձում է հուշել Մոսկվային, որ այլընտրանքներն առկա են, հետևաբար, Կրեմլը պետք է ավելի ուշադիր լինի իր անհամաչափ պահանջները ձևակերպելիս:

Պատկառելի են ներդրումային ներուժի մասին հայտարարությունները, որոնք այս ընթացքում արել է ԱՄՆ դեսպանը, դրանք ուղղակի շատ հստակ և կոնկրետ քաղաքական մեսիջներ են Հայաստանի տնտեսության զարգացման, էներգետիկ անկախության և պարզապես ինքնիշխանության վերաբերյալ: Ընդ որում, ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն հակադրվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, դեսպաններից որևէ մեկը նույնիսկ չի էլ ակնարկել այդ մասին, նույնիսկ թեթև չի շոշափել այն հարցը, որ Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է, խնդիր և այլն: Ընդամենը եղել են շատ կոնկրետ քաղաքական մեսիջներ, շատ կոնկրետ քաղաքական հայտարարություններ տնտեսական հեռանկարների մասին: Հետևաբար, այս պարագայում՝ Բաբլոյան-Միլզ հանդիպումը կարող է առավելագույն ազդակ լինել ռուսներին, սակայն ռուսական շահերին իրական սպառնալիք՝ իր մեջ չի պարունակում:

Իրավիճակը հետաքրքիր է առավել ևս այն ուղերձի համատեքստում, որ նոր խորհրդարանին հղեց Սերժ Սարգսյանը մայիսի 18-ի առաջին նիստում՝ ասելով, որ խորհրդարանը մեծ դեր է ստանում արտաքին քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում: Թերևս Ռիչարդ Միլսը որոշել է հետևել նաև Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտնի հայտարարությանը, թե՝ ի՞նչ կապ ունի՝ ով է վարչապետը լինելու, եթե ամեն ինչ որոշվում է խորհրդարանում, վարչապետի ով լինելը բացարձակապես կարևոր չէ: Հատկապես այն պարագայում, երբ Կարեն Կարապետյանը մինչ օրս փորձում է վերլուծել, թե ինչպիսին է դեսպանի հայտարարության «բուն կառուցվածքը», որքան էր մաքուր տնտեսագիտական, տնտեսական հաշվարկը, որքան էր քաղաքականությունը, ինչպիսին են «ռիսկերը»: Միլսը դժվար թե սպասի վարչապետի կողմնորոշվելուն. ամերիկյան կողմի համար շատ ավելի արդյունավետ ուղի է աշխատանքները տանել մեծ լիազորություններ և կշիռ ստացած ԱԺ-ի հետ, հատկապես, որ խորհրդարանի ղեկավար կազմում է Արփինե Հովհաննիսյանը, ում՝ Արդարադատության նախարարությունից հեռանալու կապակցությամբ դեսպան Միլսը անձնական նամակով էր ափսոսանք հայտնել: Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, ով շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ուներ Արևմուտքից հնչող հայտարարությունների հանդեպ, քան ԵՄ դեսպան Սվիտալսկու հետ բաց հակամարտության մեջ մտած Դավիթ Հարությունյանը, նույնպես ներկա էր այս հանդիպմանը:

 

Ստելլա Խաչատրյան