Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական հայտնի Bianet.org կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ:

Թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում ժամանակի պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը հայտնում է արմատներով Էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի՝ թուրքական պետության հրամանով աքսորվելով՝ իրաքյան Մոսուլի մոտակայքում 1916թ.-ի մարտին վախճանվելու մասին:

Թուրք լրագրողը նկատում է, որ պատրիարք Զավեն Տեր-Յաղյայանը, որը ծնունդով Բաղդադից էր, երիտթուրքական կառավարության կողմից 1916-ին պատրիարքարանի փակումից հետո աքսորվել է իր իսկ ծննդավայր և կարողացել է վերադառնալ Պոլիս միայն 3 տարի անց՝ երիտթուրքական կառավարության տապալումից հետո միայն:

Վերադառնալուց հետո պատրիարքի դժվարին պարտականություններից մեկ էլ Ցեղասպանության ժամանակ աքսորի ճանապարհին մահացած ու հաճախ անհայտ կորած համարվող հայերի մահվան լուրը ընտանիքներին հայտնել էր:

Էրզրումցի Զարմանյանի մահվան մասին ֆրանսերենով գրված փաստաթղթում պատրիարքը նշում է նրա կնոջ և երկու դուստրերի անունները և հայտնում նրանց երեքի՝ դեռևս կենդանի լինելու մասին:

Թուրք լրագրողը հույս ունի, որ թուրքական արխիվներից գտնված այս փաստաթուղթը առաջին անգամ լայն զանգվածների առաջ հրապարակվելուց հետո՝ ի հայտ կգան նաև Զարմանյանների կենդանի մնացած անդամների ժառանգները: