ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրները 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը կմասնակցեն Վրաստանում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժություններին: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունները կմեկնարկեն հուլիսի 30-ին և կանցնեն Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վիզիանի քաղաքում: Զորավարժություններին մասնակցություն կունենան ավելի քան 2800 զինվորականներ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Ուկրաինայից, ինչպես նաև Հայաստանից: Կօգտագործվեն գերմանական զրահամեքենաներ GTK Boxer, ամերիկյան Abrams տանկեր և այլ զրահատեխնիկա: Զորավարժությունները կանցկացվեն Վազիանի և Նորիո ռազմաբազաներում:
Սպասվում է, որ զորավարժությունների բացման արարողությանը ներկա կգտնվի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Պենսը: Նրա այցը զորավարժությունների մեկնարկին տեղի կունենա Վրաստան կայանալիք այցի շրջանակներում, որի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: