Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով` Բաքուն, անդրադառնալով Ալիև-Պուտին հանդիպմանը, նշում է, որ նախագահները խոսել են Արցախի հարցի մասին, իսկ ռուսական կողմը պնդում է, որ Արցախի հարցը չի  քննարկվել նախագահների հանդիպման ժամանակ. «Սա արդեն հարցեր է առաջացնում: Սա է մեծ հարցականը, թե ինչու են կողմերն այս հարցում այսպես հակադիր կարծիքներ արտահայտում: Սա բացահայտելու փոխարեն՝ մեր և ռուս քաղաքագետները սկսել են խոսել այն մասին, թե Ալիևը Պուտինի համար խնդիր է դարձել: Խնդիրն այստեղ իրանական կողմն է, որին մեր քաղաքական վերլուծաբաններն անտեսում են: Այս պահին ռուսական պատվիրակությունը գտնվում է Իրանում և հանդիպում է ունենում բոլոր պաշտոնյաների հետ»,-նշեց քաղաքագետը` շեշտադրումներ անելով իրանա-ռուսական հարաբերություններին:

Անդրադառանալով Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը` քաղաքագետը նշեց, որ ենթադրում է, որ քննարկում եղել է. թե ինչպես և ինչ ձևակերպումներով, անհայտ է, բայց պարզ է մի բան, որ ՌԴ նախագահը շուտով իր մոտ կկանչի նաև Հայաստանի նախագահին. «Պուտինն ունի մի սովորութուն` շուտով Արցախի հարցով Ռուսաստան կկանչի Սերժ Սարգսյանին»:

Քաղաքագետը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Իսրայելը սկսել է հետաքրքվել Հայաստանով` ընդգծելով, որ իսրայելցիները գալիս են Ստեփանակերտ՝ որպես լրտեսներ: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին` ինչո՞ւ է Իսրայելից Հայաստան ժամանած ներկայացուցիչներին լրտեսներ անվանում, ի՞նչ հիմնավորմամբ` վերջինս պատասխանեց. «Որովհետև Իսրայելը միշտ աշխատել է Թուրքի համար և հիմա էլ գալիս են հայերին Իրանի դեմ դուրս հանելու համար: Ինչու Իսրայելը հենց հիմա սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանին, հիմա Արցախ են ժամանել լրտեսներ, նրանք էլ Ստեփանակերտում են. «Այս համատեքստում պետք է հիշենք իրանական կողմի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է հարաբերություններ չխորացնի իսրայելական կողմի հետ, ինչը խիստ վտանգավոր է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների և Արցախի հակամարտության հարցում»: