«Այն, որ Հայկական 2-րդ հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը քաղաքացիներին գցում է մոլորության մեջ, արդեն հայտնի է շատերին: Քաղաքացիներն ահազանգում են, որ  այդ հաղորդումը պարզապես թալանում է մարդկանց և վաղուց պետք է այն եթերից հեռացնել»,-այս մասին այսօրԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով, որ իրենց միություն են դիմել տասնյակ խաբված քաղաքացիներ` խնդրելով ետ վերադարձնել կորցրած գումարները:

«Մեզ տասնյակ մարդիկ են զանգում, խնդրում են օգնել: Օրերս զանգահարեց մի կին և հայտնեց, որ ուղիղ եթերով ընթացող հաղորդմանը զանգահարել է` իմանալով հարցի պատասխանը: Նրան չեն միացրել օպերատորին և ստիպված է եղել սպասել 25 րոպե, որի արդյունքում հեռախոսահամարի վրա կուտակվել է 28 000 դրամ պարտք: Մեր միությունը դիմեց հայաստանյան օպերատորներից մեկին, նրանք էլ բարի կամք դրսևորեցին և կնոջից չգանձեցին կուտակված պարտքը: Բայց այսպես կարողացանք օգնել մեկին, իսկ նրա նման տասնյակներով կան: Սա խայտառակություն է ուղղակի»,-ասաց Պողոսյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին` «Հայաստանի սպառողների միությունն» ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել, կամ դիմե՞լ է արդյոք նախկինում, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Մենք դիմել ենք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ խնդրելով փակել այդ հաղորդումը, սակայն այնտեղից մեզ պատասխանեցին, որ որևէ օրենք չի խախտվում այդ հաղորդումը եթեր հեռարձակելով: Բայց այստեղ հարց պետք է տամ իրենց՝ հեռուստադիտողին մոլորեցնելը, քցելը, թալանելը օրենքի խախտում չէ՞: Նրանք անտեսում են քաղաքացու շահը, որովհետև և՛ հեռուստաընկերությունը, և՛ սպասարկող օպերատորը այդ նույն քաղաքաքացու հաշվին փող են աշխատում»: