«Ազատություն» ռադիոկայանի եթերում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սենսացիոն հայտարարություն է արել. «Այն ընտանիքներում, որտեղ որ մենք չենք տեսնում եկամուտները, բնականաբար, համակարգը չի կարող ամբողջությամբ եկամուտները տեսնել, ունենում ենք շեղումներ: Այսինքն՝ մենք ունենում ենք մի իրավիճակ, որտեղ անապահով կարող են համարվել համակարգով, իրականում՝ ապահովված լինել և հակառակը՝ շատ անապահով ընտանիքներ դուրս մնան ծրագրից»- ասել է նախարարը:

Ինչ խոսք՝ սա լուրջ բացահայտում է, և չնայած նրան, որ «Փարոս» ծրագրի մեկնարկից ի վեր անդադար բողոքներ էին հնչում, որ ֆինանսական միջոցները հասցեական չեն օգտագործվում և անապահով ընտանիքներին օժանդակելու փոխարեն՝ էլ ավելի են հարստացնում ունևորներին, չնայած նրան, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել՝ կապված այս համակարգում առկա կոռուպցիոն դեպքերի հետ, նախարար Արտեմ Ասատրյանը նոր է իր համար նման բացահայտում արել: Այս հարցում «Փարոս» ծրագրի շահառուները շատ ավելի քաջատեղյակ են և փայլուն գիտեն, որ ընտանիքների անապահովության ներկայիս գնահատման համակարգը հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ Եվ այս պարագայում հարց է առաջանում. եթե նախարարությունը ի վիճակի չէ այսքան տարի շարունակ գործուն մեխանիզմ մշակել, որպեսզի աղքատները էլ ավելի չաղքատանան, իսկ հարուստները՝ էլ ավելի չհարստանան, ապա ո՞ւմ է պետք այս ծրագիրը ընդհանրապես: Իրականում շատ ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեն անապահով ընտանիքներին, եթե վերջիններիս աշխատանքով ապահովեն, այլ ոչ թե թողնեն կիսատ-պռատ գործող «Փարոս» համակարգի հույսին: Նպաստ ստանալու ձգտումը ընդհանրապես պետք է թուլացնել, որովհետև եթե մարդը աշխատունակ է, բայց ցանկություն չունի աշխատելու, ուրեմն կամ նա թաքնված զբաղված է կամ ցանկություն չունի աշխատելու և ուզում է պետությունից նպաստ ստանալ: Իսկ համակարգը ունակ չէ նմաններին տարբերել իրականում կարիքավոր քաղաքացիներից, արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք: Պետությունից գումար ստանալը, պետության հաշվին ապրելը հայաստանյան հասարակության մեջ դեռևս դրական է ընկալվում: Իհարկե, շատ բան է փոխվել: Նախկինում այդ համակարգերում նույնիսկ պաշտոնյաների ընտանիքի անդամներ կային և չի կարելի բացառել, որ նման զավեշատալի երևույթներ մեր օրերում էլ են գրանցվում, չէ՞ որ մեր պաշտոնյաների հայտարարագրերից  երևում է՝ ինչպիսի ծանր սոցիալական պայմաններում են նրանք գոյատևում:

ՀԲ-ի գնահատմամբ` հայաստանյան համակարգը 75 տոկոս հասցեականություն ունի: Բայց անգամ 25 տոկոս ոչ հասցեականությունը լուրջ պատճառ է թերությունները շտկելու և համապատասխան մեխանիզմները կատարելագործելու համար: Այն, որ համակարգը թերի է, պարզ  է դառնում թեկուզ այս օրինակով՝ ներկայիս համակարգը 30.01 միավոր ունեցող ընտանիքին տրամադրում է ընտանեկան նպաստ, իսկ դրանից ընդամենը 1 հարյուրերորդական միավորով նվազ միավոր ունեցողին` զրկում նպաստից: Սա լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ է` ամեն գնով ստանալու բաղձալի 0.01 միավորը: 

Ստելլա Խաչատրյան