ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական Զոհրապ Եգանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով Ֆեյսբուքում  գործող «Մամուլի խոսնակներ հայոց» խմբի փակման մասին շրջանառվող լուրերին և խմբի գործառույթին առհասարակ՝ նշեց, որ այս խումբը գործում է արդեն 4 տարի և խմբի անդամները տարբեր գերատեսչությունների մամլո խոսնակներ են, ովքեր ծավալում են տարատեսակ մասնագիտական քննարկումներ, կիսվում խորհուրդներով և տեսակետներով. «Սա փակ խումբ է, որի անդամներն են միայն մամլո խոսնակները, ինչպես նախկին, այնպես էլ ներկա, և այս խմբում խոսնակները ծավալում են մասնագիտական քննարկումներ, այնպես որ՝ սա շատ նորմալ երևույթ է: Ինչ վերաբերում է խմբի փակման հարցին՝ ապա պետք է նշեմ, որ այս պահին դեռ հստակ որևէ բան չկա պլանավորած, խումբը կարող է փակվել, բայց կարող է նաև չփակվել, այս պահին որևէ որոշում չկա»,-նշեց Զոհրապ Եգանյանը:

Դիտարկմանն՝ ինչպես է վերաբերվում խմբի անդամների խոսակցություններից որոշ հատվածների հրապարակմանը, Զոհրաբ Եգանյանը պատասխանեց. «Շատ տհաճ է, երբ խմբի անդամների խոսակցություններն այդպես հրապարակում են, որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ չեմ ուզում անել, կարծում եմ՝ երբ հասունանա պահն՝ անձամբ հրապարակային հայտարարություն կանեմ»:  

Մեզ հետ զրույցում ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ իրեն բացարձակապես չի անհանգստացնում հարցը՝ լրագրողների ֆեյսբուքյան խումբը կփակվի՞, թե՞ կշարունակի գործել. «Կփակվի այդ խումբը՝ կբացվի մեկ այլ խումբ: Բնականաբար, բոլորս էլ շարունակելու ենք շփվել միմյանց հետ, տեսակետներ արտահայտել կամ ծավալել այս կամ այն քննարկումը, այնպես որ՝ որևէ բան դրան չի խանգարի»:  

Անդրադառնալով խոսնակների՝ արդեն հրապարակված  խոսակցություներից որոշ հատվածների, Բալայանը նշեց, որ չունի ցանկություն այդ երևույթը մեկնաբանելու և չի ցանկանում տեսակետ արտահայտել դրա վերաբերյալ: