Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների՝ փոփոխություններ կատարել անտառային ոլորտի բարեփոխումների ընթացակարգում: Ըստ Կառավարության ղեկավարի՝ ապօրինի ծառահատումների դեմ ուղղված պայքարն արդյունավետ չէ, իսկ անհրաժեշտ մի շարք նորմատիվներ բացակայում են բարեփոխումների ծրագրերից:

Վարչապետը գյուղատնտեսության, բնապահպանության տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակած նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված գործնական և օրենսդրական լուծումներ՝ անդրադառնալով նաև անտառ կառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատմանը, ինչպես նաև ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին, միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ: 

Ըստ գործադիրի ղեկավարի՝ կատարվող անհրաժեշտ փոփոխությունների նպատակն է անտառային տնտեսությամբ զբաղվող կառույցների խնդիրները վերացնել. «Պետք է անել այնպես, որ կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց. մենք ունենք անտառի տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն: Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք կառավարի մի կառույց, որին վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում»,-ասաց վարչապետը: