Թեև Հայաստանում արդեն ավարտվել է ծիրանի բերքահավաքը, սակայն գյուղատնտեսության նախարարությունում հրաժարվում են նշել ստացված բերքի քանակը: Թե ինչու է Իգնատի Առաքելյանի ղեկավարած գերատեսչությունը խոր կոնսպիրացիայի անցել՝ դժվար չէ կռահել: Այս նախարարության համար նորության չէ  բերքի քանակի ուռճացված տվյալներ ներկայացնելը և թերևս ԱՎԾ-ն այս պահին հենց դրանով էլ զբաղված է, դա է պատճառը, որ գերատեսչությունում «ոտը կախ են գցել»: Մեխանիզմը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Գյուղապետերին այսօր ճնշում են, իսկ վերջիններս էլ թվեր են «նկարում» և ուղարկում վիճակագրական ծառայություն: Փոխնախարարը հրապարակել է ծիրանի արտահանման ու մթերման քանակներին վերաբերող թվեր, բայց հերթական անգամ «մոռացել է» նշել արտադրված քանակի մասին:

Տարբեր մակարդակներում, ընդհուպ գյուղատնտեսության նախարարi, բազմիցս հայտարարվել է, որ այս տարի ևս ստացվել է ծիրանի համախառն բարձր բերք: Այդուհանդերձ` Գյուղնախարարության պաշտոնյաները, ի տարբերություն նախորդ տարիների, երբ դեռևս փետրվար ամսին գրեթե կիլոգրամների ճշգրտությամբ կանխատեսում էին սպասվելիք բերքի քանակը, այս տարի մինչև օրս զերծ մնացին բերքի քանակին վերաբերող թվեր հրապարակելուց: Մինչդեռ, այդ դեպքում միայն հնարավոր կլիներ հասկանալի պատկեր ստանալ՝ պարզել, թե արտադրված ամբողջ քանակությունն ինչպես է տնօրինվել: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ թվերը, մեղմ ասած, չեն բռնում: Նախարարության տվյալների համաձայն՝ ամռան սկզբից 26 հազար տոննա ծիրան է արտահանվել:

Համաձայն ԱՎԾ-ի՝ տարեցտարի Հայաստանից ծիրանի արտահանման ծավալներն աճում են, մինչդեռ ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության» կազմակերպության կողմից ներկայացվող տվյալներով՝ բոլորովին այլ պատկեր է ստացվում:

Ցանկացած երկրի տնտեսության իրական պատկերը ստանում են միայն վիճակագրության շնորհիվ. ինչ ունեն, ինչքան ունեն, ինչ որակի ունեն: Դրանից ելնելով էլ պետության համապատասխան մարմինները մշակում են այդ ոլորտին վերաբերող ռազմավարությունն ու մարտավարությունը: Բնականաբար` եթե վիճակագրությունը տալիս է իրական պատկերը, ռազմավարությունն էլ կլինի նպատակային և բարձր արդյունավետ: Ակնկալիքներն էլ կարող են լուրջ լինել: Իսկ եթե ոլորտի պատկերը տրվում է նույնիսկ քիչ «ծուռ» վիճակագրության տեսքով, այդ դեպքում դժվար է վաղվա լուրջ ակնկալիք ունենալ:

 

Ստելլա Խաչատրյան