Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, որ իրենց անցկացրած հետազոտության ընթացքում պարզ է դարձել՝ ընտրություններից հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի վարկանիշն ընտրարշավի ընթացքում ձևավորված վարկանիշի համեմատ՝ որոշ չափով նվազել է: Ի դեպ, կազմակերպությունը նոր է ավարտել հարցումները՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի հետ: Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վարչապետի վարկանիշը անկում է ապրել:

Դժվար է ասել, թե ինչու է հայաստանյան Gallup-ը վարչապետի վարկանիշի վերաբերյալ հարցում իրականացնում հենց հիմա, երբ դեռ չի լրացել Կարեն Կարապետյանի կառավարման մեկ տարին: Սակայն մի փոքր ուշադիր դիտարկելով ներիշխանական կուլիսներում վերջին շրջանում ընթացող խմորումները, ամեն բան պարզ է դառնում: Սերժ Սարգսյանի՝ Տավուշ կատարած այցից և հայտնի հարցացրույցից հետո հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրության նժարը թեքվել էր դեպի նախագահը: Այս իրավիճակն ուղղելու և մեդիա դաշտում իր ներկայությունը վերականգնելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը տուր կազմակերպեց դեպի մարզեր: Իհարկե, այդ այցելությունների ընթացքում չհնչեցին ծանրակշիռ քաղաքական հայտարարություններ, բայց պարիտետը կարծես թե վերականգնվեց: Gallup-ի հարցումը և արդյունքները բացարձակապես էլ զուգադիպություն չես համարի մի փուլում, երբ հարկավոր է ամեն կերպ նվազեցնել Կարեն Կարապետյանի ազդեցությունը և թուլացնել դիրքերը՝ 2018-ի ներիշխանական պայքարում:Հետաքրքրական է այն փաստը, որ Gallup-ի հետազոտության առարկա չի դարձել նախագահի վարկանիշը, չէ՞ որ մենք դեռ շարունակում ենք ապրել նախագահական հանրապետությունում և երկրի ղեկավարը հենց Սերժ Սարգսյանն է: Առավել հավանական է, որ  Սերժ Սարգսյանի վարկանիշը հետազոտելով, Gallup-ը նրան միայն արջի ծառայություն կմատուցի:

Իրականում Gallup-ի տվյալներն այնքան էլ հեռու չեն իրականությունից: Կարեն Կարապետյանի վարկանիշն անչափ բարձր էր նախընտրական փուլում, երբ հասարակության լայն զանգվածները նրա հետ լուրջ հույսեր էին կապում, հավատում էին նոր ոգուն և նախանձում վարչապետի դրայվին: Ընտրություններից հետո վարկանիշի անկումը պարզապես անխուսափելի էր թեկուզ այն պատճառով, որ հույսերը չարդարացան, մարդիկ ինչպես մի կերպ գոյատևում էին, այնպես էլ շարունակում են գոյատևել, նոր ոգին ընդհամենը բլեֆ դուրս եկավ, քանի որ հին ոգու՝ քրեաօլիգարխիայի դիրքերը շատ ավելի ուժեղ էին և Կարեն Կարապետյանը, անգամ մեծ ցանկության դեպքում, ի վիճակի չէր լինի արմատախիլ անել ՀՀԿ տարիների արդյունքում ձևավորված կաստայական համակարգը: Արդյունքում՝ նվազեց նաև վարչապետի դրայվը, հատկապես այն խոսակցությունների ֆոնին, որ Կարեն Կարապետյանն ընդամենը ժամանակավոր լուծում է Սերժ Սարգսյանի 2018-ի ծրագրերի իրականացման համար: Ընտրություններից ընդամենը երկու-երեք օր առաջ նա Հայաստանի քաղաքական կյանքի առանցքն էր, հիմնական դերակատարն ու համարյա փրկիչը, նրա ամեն քայլը լուսաբանվում էր, երկու ժամը մեկ լրատվամիջոցները «թարմացնում էին» նրա վարկանիշը, բայց ահա ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին եւ վերջ. նա միանգամից հետին պլան մղվեց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդպես էլ պիտի լիներ` ԿԸՀ-ն հրապարակեց տվյալները, եւ հստակ երեւաց, թե ում է պարտական ՀՀԿ-ն իր ստացած տոկոսների համար։ Վաղը-մյուս օրը Սարգսյանը կարող է առանց որեւէ խնդրի՝ պաշտոնանկ անել Կարեն Կարապետյանին, որովհետեւ ցանկացած հաջորդ ընտրության ժամանակ կարող է մոտավորապես նույն ռեյտինգայիններով ու նույն մեխանիզմներով մոտավորապես նույնքան տոկոս ապահովել։

2018-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրն է լինելու Կարեն Կարապետյանի վարկանիշի պահպանումը այս նվազագույն շեմի վրա և այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են կատարվում: Եթե հարկ լինի՝ երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմանները, ներդրումների բացակայությունը հեշտությամբ կարելի է բարդել կառավարության ոչ էֆեկտիվ աշխատանքի վրա: Չէ՞ որ հենց Կարեն Կարապետյանն է մտել ներդրումներ բերելու բեռի տակ, Սերժ Սարգսյանը հասարակությանը նման խոստումներ չի տվել, հետևաբար, նրա վարկանիշը անձեռնմխելի է: Համենայն դեպս՝ ՀՀԿ-ի համար:

 

Ստելլա Խաչատրյան