Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում: Այս մասին հայտնել է Սահակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը:

«Փաստաբանները պատրաստում են փաստաթղթերը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը բողոքարկելու համար»,- ասել է Բոգոմազովը: Նա հայտնել է, որ պաշտպանությունը հայց կներկայացնի դատարան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին:

«Սահակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: