ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցները շուտով կտեղափոխվեն այլ շենք: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի խոսնակը. «Շուտով պատրաստվում ենք տեղափոխվել նախարարությունների համար կառուցված նոր մասնաշենքը, սակայն այս պահին հստակ ժամկետներ չկան, թե երբ պետք է վերջնականապես լքենք նախարարության այս մասնաշենքը»,-ասաց խոսնակ Անահիտ Առաքելյանը: 

Թե նախարարության շենքը որքան ժամանակ կմնա դատարկված և արդյոք նախատեսված է նոր աճուրդ կազմակերպել, փորձեցինք ճշտել  ՀՀ Կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչությունից. «Տրանսպորտի և կապի նախարարության շենքի աշխատակիցները շենքը չեն լքի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի վաճառվել աճուրդով: Չի լինի այնպես, որ շենքը դատարկվի և այդպես դատարկ մնա, անպայման աճուրդ է կայանալու, բայց, թե երբ այն կկայանա, ինչ շուկայական արժեքով, որոշելու է Կառավարությունը: Այս պահի դրությամբ նման որոշում դեռ չկա»,-ասաց վարչության մամլո քարտուղար Մարգարիտա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այս շենքը աճուրդի հանվեց 2016 թվականին: Աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 13.223.413.600 դրամը: Հարկ է նշել նաև, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր էր վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը, սակայն 2016 թվականին աճուրդը չկայացավ, քանի որ գնորդ չհայտնվեց:

Չի բացառվում, որ այս անգամ էլ շենքի համար գնորդ չհայտնվի և հրապարակի կենտրոնում վեր խոյացած շենքը կմնա դատարկ՝ ինչպես «Հայփոստի» կամ ԱԳՆ-ի նախկին շենքերը:

Մինչդեռ ճիշտ կառավարման դեպքում Երևանի սրտում գտնվող այդ շենքերը կարող էին ծառայել որևէ բիզնես պրոեկտի, որի շնորհիվ երկակի կշահեինք, նախ՝ շենքերի խունացած պատերը կվերանորոգվեին, ապա հարկեր կուղղվեին բյուջե, մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին «կազատեինք» դատարկ շինություններով հիանալու «պարտավորությունից», ցավոք, Երևանի կենտրոնում գտնվող շենքերն այդքան էլ չեն հետաքրքրում գործարարներին:

Աղավնի Սուքիասյան