Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դաժան սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածը Նորայր Սիմոնյանն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նաև սպանվածի կինը: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել էր:

«2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: