ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: «Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար և այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում երեկ ասաց Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
 
Արամյանի նման հայտարարությունը իրոք որ զավեշտալի է: Այս խոսքերից հետո ՀՀ նախորդ և ներկա կառավարությունները ոչ այնքան հաճելի դրության մեջ են հայտնվում, չէ՞ որ այսքան տարի բոլոր հնարավոր և անհնարին ձախողումները բարդվել են հենց այդ չարաբաստիկ պատժամիջոցների վրա, ամեն ինչի համար մեր հայրենի պաշտոնյաները ունեին նախապես զուբրիտ արած արդարացումը՝ Ռուսաստանի հետ մեկ տնտեսական միության մեջ գտնվող երկիրը բնականաբար պետք է իր վրա զգա պատժամիջոցների հետևանքները: Թե ինչու էինք մենք պարտավոր տուժել Պուտինի կայսերապաշտական տապալված քաղաքականության պատճառով, դա բոլորովին այլ հարց է: Շատ ավելի կարևոր է, որ Վարդան Արամյանը կամա թե ակամա՝ ասաց ճշմարտությունը կամ առնվազն դրա մի մասը: Անշուշտ, մենք կրում ենք ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը՝ ուզենք թե չուզենք: Հայաստանի տնտեսությունն ուղիղ կախվածության մեջ է Ռուսաստանի տնտեսությունից։ Ընդ որում՝ Հայաստանի տնտեսության մեծ մասը ծառայությունների և հումքային ոլորտն է։ Եվ քանի դեռ Ռուսաստանում իրադրությունը չի բարելավվում, Հայաստանը ևս դժվարությունների առաջ է կանգնելու: Հետևաբար, Արամյանի չարդարացված լավատեսությունն առնվազն զարմանալի է: Սակայն նախարարի խոսքերը բացահայտում են նաև այն իրողությունը, որ տնտեսությունը ողբալի վիճակում է նաև Հայաստանի կառավարության ապիկարության, սխալ տնտեսական քաղաքականության պատճառով: 
 
Կառավարությունում, ի դեպ՝ կարող են հանգիստ շունչ քաշել. ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել ՌԴ դեմ պատժամիջոցները խստացնող փաթեթը, առնվազն մի քանի տարի դեռ կարող են տնտեսական քաղաքականության ձախողումներում «ռուսական հետք» մատնանշել և ասել՝ ի՜նչ անենք, ժողովուրդ ջան, պատժամիջոցներ են...
 
Ստելլա Խաչատրյան