Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ պահանջների համաձայն՝ կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ: Արտադրանքի մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենները։ Նոր փոփոխությունները հարուցել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչների դժգոհությունը, որոնք հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում էին Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Ինչ խոսք՝ գյուղացիների բողոքը և զայրույթը հասկանալի է:
 
Վերջերս ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը թվարկում էր ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստանի «ստացած օգուտները»: Մասնավորապես, Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտահանումը գրանցել է 23% աճ, որի առյուծի բաժինն ուղղվում է դեպի ԵՏՄ անդամ երկրներ: Մի կողմ թողնելով այն փաստը, որ 2017թ. առաջին հինգ ամիսներին ՀՀ արտահանումը աճել է ոչ թե 23, այլ 20,9 տոկոսային կետով՝ պետք է նշել, որ ՀՀ արտահանման առյուծի բաժինն ամենևին էլ ԵՏՄ չի ուղղվում: Այսպես, 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ արտահանման գրեթե 30%-ն ուղղվել է դեպի ԵՄ անդամ երկրներ, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրներին բաժին է ընկել ընդհանուր արտահանման միայն 22,2%-ը, այն պարագայում, երբ եվրոպական մեկ այլ երկրի՝ Շվեյցարիային, բաժին է ընկել արտահանման շուրջ 13,5%-ը (այս թիվը չի մտնում ԵՄ-ի 30 տոկոսի մեջ): Ըստ Շարմազանովի՝ Հայաստանի անդամակցությունը հիմնված է եղել հստակ տնտեսական հաշվարկների վրա՝ «թե ինչ կշահի մեր գյուղացին, ինչ կշահի մեր ներդրողը, ինչ կշահի տուրիզմը և տնտեսությունը»: Կարելի է հարց ուղղել ՀՀԿ խոսնակին. այս նոր սահմանափակումներն է՞լ են հայաստանցիների շահերից բխում: Փաստացի՝ ԵՏՄ օգուտներն այնքան շատ են, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուղղակի սովի են մատնում:
 
Ու սա էլ դեռ ամենը չէ: Եթե ուրախացաք, որ այսքանով խայտառակությունների շղթան կավարտվի, ապա ձեզ կրկին հիասթափություն է սպասվում: 2020 թվականից սահմանափակումների հերթական ցանկը կմտնի ուժի մեջ՝ հերթական անգամ փակուղային իրավիճակի առաջ կանգնեցնելով ժողովրդին: Մասնավորապես, առաջիկա տարիներին, միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող միսը կթանկանա 40-80 տոկոսով: Մոտ 20 տոկոսով կթանկանա բրինձը, 5-8 տոկոսով կթանկանան ներմուծվող մանկական սնունդը, բուսական յուղերը, մարգարինը, լվացքի փոշիները, օճառները, լվացող այլ միջոցները, դեղորայքը, պարարտանյութերը և սերմացուն: Լրացուցիչ մաքսային բեռ կավելանա նաև այլ երկրներից մեքենաներ գնելիս: Ներկայում Հայաստանում մեքենաների համար մաքսատուրքը կազմում է 10 տոկոս, սակայն 2020 թվականից ուժի մեջ կմտնեն մեքենաների ԵՏՄ մաքսատուրքերը, որոնք սկսվում են 25 տոկոսից: Իսկ որոշ դեպքերում, երբ մաքսատուրքը հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, մեքենայի մաքսազերծման գինը կարող է կազմել մեքենայի արժեքի 200 տոկոսը: 2020 թվականից կթանկանան նաև Չինաստանից, Ուկրաինայից ներկրվող ավտոբուսները: Սահմանափակվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան տեղափոխվող քաղաքացիների բեռի ծավալը: Եթե ներկայում քաղաքացիները 50 կգ քաշով և 1500 եվրո արժողության բեռ էին կարողանում տեղափոխել, ապա 2021 թվականից հետո բեռի քաշն աստիճանաբար նվազելու է: Դրանից հետո միայն 25 կգ քաշով և 500 եվրո արժողությամբ իրերը կթույլատրվեն բերել առանց մաքսազերծման: Այսինքն՝ մի քանի տարի հետո այլևս հնարավոր չի լինի գնալ Վրաստան, մատչելի գնումներ անել և դրանք առանց մաքսազերծման տեղափոխել Հայաստան: Տեսնես դեռ որքան մեր տնտեսությունն ու քաղաքացին կդիմանան ԵՏՄ «օգուտներին» ...
 
 
Ստելլա Խաչատրյան